Նոր գյուղտեխնիկա՝ համայնքներին. ՓՄԶ ԶԱԿ-ի հետ հուշագիր է ստորագրվել

Նոր գյուղտեխնիկա՝ համայնքներին. ՓՄԶ ԶԱԿ-ի հետ հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ստորարել են հուշագիր` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի շրջանակում:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով` Հայաստանի գյուղտեխնիկայի պարկն արդեն մաշված է, և անհրաժեշտություն կար թարմացնելու այն: «Կառավարությունը որոշել է աջակցել գյուղտեխնիկայի բազայի թարմացմանը և լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով նպաստել տրատկորների, կոմբայնների և հարակից սարքավորումների ձեռքբերմանը»,- պարզաբանել է Մակարյանը:

Ծրագրով գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվելիք գյուղատնտեսական տեխնիկան կմատակարարվի Եվրասիական տնտեսական միության անդամ և այլ երկրներում գյուղատնտեսական տեխնիկա արտադրող հայտնի ընկերություններից, որը հնարավորություն կտա նաև առաջիկայում Հայաստանի Հանրապետությունում ձևավորել գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման կենտրոններ:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, մարզային մասնաճյուղերի միջոցով նպաստելու է գյուղտեխնիկայի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Մասնաճյուղերի աշխատակիցները գյուղտեխնիկա ձեռք բերել ցանկացողներից կընդունեն հայտերը, կիրականացնեն համապատասխան փաստաթղթավորում և կապահովեն հայտերի հետագա ընթացքը` սահմանված կարգով:

Անցած 3 տարվա ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության հետ համատեղ արդեն ներմուծել և արտոնյալ պայմաններով Հայաստանի մարզերի համայնքներին և մասնավոր ֆերմերներին է տրամադրել 300-ից ավելի բելառուսական МТЗ տրակտոր, մոտ 10 Нива կոմբայններ և կից սարքավորումներ:

«Նոր տրակտորների և կից սարքավորումների ներմուծումը նաև հնարավորություն կստեղծի մեր գյուղական համայնքներում ստեղծելու նոր ձեռնարկություններ, քանի որ գյուղատնտեսների զգալի մասն արդեն ներգրավված է գյուղմթերքի վերամշակման մեջ»,- շեշտել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության պայմաններն են.

1. կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

2. տրակտորների համար` 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

3. հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3 – 6 տարի մարման ժամկետ, լիզինգի տարեկան մինչև 9% տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը,

4. այլ գյուղատնտեսական գործիքների համար` 3 տարի մարման ժամկետ, տարեկան մինչև 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Ընդ որում տրակտորներ և այլ գյուղ. տեխնիկա միևնույն շահառուին միաժամանակ լիզինգով տրամադրելու դեպքում մարման ժամկետը կարող է սահմանվել 6 տարի,

5. Լիզինգը տրամադրվում է ՀՀ դրամով, լիզինգի առարկայի ձեռքբերման գնի 20%-ի չափով կանխավճարի վճարման պայմանով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---