«Հայաստանի ներդրողների ակումբ» է ստեղծվել. Երկարատև բիզնես ծրագրեր են ակնկալվում

«Հայաստանի ներդրողների ակումբ» է ստեղծվել. Երկարատև բիզնես ծրագրեր են ակնկալվում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքի 3 տասնյակից ավելի գործարարների մասնակցությամբ պաշտոնապես մեկնարկել է «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեությունը:

2017 թ. հունվարի 25-ին ռուսաստանաբնակ հայազգի գործարար շրջանակների ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել՝ Հայաստանում բարեփոխումներ անցկացնելու գործընթացին աջակցելու և ՀՀ կառավարության հետ համատեղ նախաձեռնություններին և բիզնես-ծրագրերին մասնակցելու վերաբերյալ։

ՀՀ վարչապետը նշել է. «Ակումբի անդամներից յուրաքանչյուրին ճանաչում եմ և մեծ մասի հետ ունեմ ընկերական, բարեկամական հարաբերություններ:

Իրականում այս ակումբը մեզ համար բեկումնային է լինելու ոչ միայն նրա համար, որ գալու են առողջ, երկարատև ներդրումներ, երկարատև բիզնես ծրագրեր, այլև մենք ունենալու ենք կորպորատիվ նոր մշակույթ: Մեր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ. բազմաթիվ երկրներ, որոնք վերջին 20-30 տարում որակ են փոխել, կանգնած են եղել ոչ պակաս խնդիրների առջև, քան մենք ունենք: Բայց նրանց համարձակությունը, հավակնոտ ծրագրերը, պրագմատիկ և ռացիոնալ լինելը, կամքը, նպատակասլացությունը, որոշ դեպքերում՝ կոշտությունը բերել են նրան, որ իրենք երկիր են փոխել: Ինչո՞ւ մենք չենք կարող լավ երկիր ունենալ, ինչո՞ւ ուրիշները կարող են, մենք՝ ոչ»:

«Հայաստանի ներդրողների ակումբը» ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցված առաջին ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդն է մեր երկրում, որի նպատակն է ներքին և արտաքին մասնավոր ֆինանսական միջոցների ներգրավմամբ նպաստել ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հետևյալ ոլորտների զարգացմանը՝ էներգետիկա, այդ թվում՝ այլընտրանքային էներգիայի արտադրություն, էներգետիկ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, հանքարդյունաբերություն, հանքանյութի վերամշակում, սննդի և թեթև արդյունաբերություն:

Նմանատիպ պայմանագրային ներդրումային ֆոնդերը կարևոր տեղ են զբաղեցնում զարգացած պետությունների ֆինանսական գործիքների շարքում՝ հանդիսանալով տնտեսական աճի և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործոն:

Ֆոնդը, որի կառավարիչը «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ-ն է, իր գործունեությունն իրականացնելու է նոր և գործող ընկերությունների կապիտալի մասնակցության, պարտատոմսերի և անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև փոխառությունների տրամադրման տեսքով: Անդամակցել կարող են ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչը, ելնելով ֆոնդի բնույթից, պետք է հաստատվի հիմնադրամի կառավարող ընկերության՝ «Ֆորա Կապիտալ» ՍՊԸ տնօրենների խորհրդի կողմից: «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այդ մասնակիցների թիվը չի կարող գերազանցել 49-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---