ԿԸՀ. Տեխնիկական սարքավորումները բացառում են կրկնակի քվեարկությունը

ԿԸՀ. Տեխնիկական սարքավորումները բացառում են կրկնակի քվեարկությունը

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձարկել է տեխնիկական սարքավորումները, որոնց միջոցով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում ընտրողները պետք է քվեարկեն: Հատուկ սարքը նախ կարդալու է քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, այն ճանաչելուց հետո ընտրողը պետք է աջ ձեռքի ցուցամատը հպի սարքին, համապատասխան թուղթը հայտնվելուց հետո, արդեն քվեախցում ընտրողը կկատարի իր ընտրությունը:

Ե՛վ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, և՛ ընտրական նոր համակարգի նախաձեռնողներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում են՝ այս մեխանիզմը բացառում է կրկնակի քվեարկության հնարավորությունը: Ապացուցելու համար Հարությունյանը փորձեց երկու անգամ քվեարկել, սակայն սարքավորումը ազդանշանի միջոցով տեղեկացրեց ընտրական խախտումի մասին:

«Տպվում է հատուկ կտրոն, որը կոչվում է «Կրկնակի գրանցման փորձ», որի մեջ զետեղված է ողջ տեղեկատվությունը, թե այդ ընտրողը մինչ այդ ժամը քանիսին, որ անձնագրով փորձել է գրանցվել: Սա ևս շատ կարևոր է, որովհետև դա փաստացի այն արձանագրումն է, որը պետք է աներ, ենթադրենք, հանձնաժողովը կամ ոստիկանը», - ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նոր սարքավորումների փորձարկմանը ներկա էին նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, դեսպանները: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը նշել է, որնոր ընտրական համակարգը հուսադրող է, թեպետ ոչ ոք չի կարող երաշխավորել 100-տոկոսանոց ազատ և թափանցիկ գործընթաց:

«Բայց ես շատ վստահ եմ, որ այս սարքավորումները, ուղիղ հեռարձակումը, ընտրություններից հետո քվեարկողների ցուցակի հրապարակումը, ընտրական համակարգի բոլոր փոփոխությունները տեղի կունենան այս ընտրություններում, և կան շատ մեծ երաշխիքներ, որոնք կկանխեն կեղծիքները, կրկնակի քվեարկության դեպքերը», - ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---