Օզդեմիրը թուրքերին կոչ է արել դեմ քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը

Օզդեմիրը թուրքերին կոչ է արել դեմ քվեարկել Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը

PanARMENIAN.Net - Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած Կանաչների կուսակցության՝ թուրքական արմատներ ունեցող պատգամավոր Ջեմ Օզդեմիրը կոչ է արել Թուրքիայի քաղաքացիներին ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին և թույլ չտալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնում:

Օզդեմիրը նշել է, որ Թուրքիայի ժողովրդի շրջանում տարածված վախը Թուրքիայի իշխանություններին հաջողվել է տարածել նաև Գերմանիայի թուրքական համայնքում, հաղորդում է թուրքական Demokrathaber.org կայքը:

«Մենք միշտ ցանկացել ենք տեսնել տնտեսապես հզոր Թուրքիա, Թուրքիա, որը հավասար պայմաններ կստեղծի իր բոլոր քաղաքացիների համար: Թուրք, քուրդ, հայ, Էրդողանի կողմնակից կամ հակառակորդ՝ ինչ ուզում է լինի: Մենք ցանկացել ենք տեսնել ամբողջ աշխարհում հարգանք վայելող Թուրքիա, մինչդեռ դա հնարավոր է միայն ժողովրդավարական նորմերի և մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, մտքի և մամուլի ազատության հաստատման պարագայում», - նշել է Օզդեմիրը գերմաներենով և թուրքերենով հրապարակված հայտարարության մեջ:

Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։ Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Էրդողանը կողմ է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի սահմանմանը՝ խորհրդարանականի փոխարեն, որը երկրում գործում է 1923-ին Թուրքիայի Հանրապետության կազմավորումից ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---