Փաստաբան. Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանի գործը քաղաքական ենթատեքստ ունի

Փաստաբան. Չեմ կարծում, որ Սամվել Բաբայանի գործը քաղաքական ենթատեքստ ունի

PanARMENIAN.Net - Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործն առայժմ իրավական հարթության մեջ է: Այդ մասին հայտարարել է Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է: Ես չեմ գտնում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի», - ասել է Քալաշյանը:

«Ուրիշ բան, եթե նախաքննության համապատասխան փուլում, երբ մեզ՝ պաշտպանության կողմիս, հայտնի լինեն նախաքննության տվյալները և արդեն, ինչպես այս պահի դրությամբ, այնպես էլ տվյալ պահին, համոզված լինենք, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն Սամվել Բաբայանի նույն մեղադրանքի համար, բայց շարունակվի նման մեղադրանքը ուժի մեջ թողնելը, այդ պահին նոր միայն կարելի է ենթադրություն անել, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս պահի դրությամբ ես նման կարծիքի չեմ», - ընդգծել է փաստաբանը:

Նրա խոսքով, Սամվել Բաբայանի իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են և օբյեկտիվ քննություն է իրականացվում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Սամվել Բաբայանի կալանավորումը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների նկատմամբ քաղաքական հատապնդման արդյունք է, որն անընդունելի է քարոզարշավի ընթացքում:

Սամվել Բաբայանը ձերբակալվել է մարտի 22-ին: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը. «Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով»։

Դատարանի որոշմամբ կալանավորվել է մարտի 24-ին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասի և 235.1. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդմամբ, թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:

Կարդացեք նաև՝ Գեներալ առանց բանակի. Ինչով էր զբաղվում «Իժոն» պատերազմից հետո

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---