Ամերիկացի համանախագահ. «Պետք է զգույշ լինենք հրապարակավ խոսքում, չնայած գիտենք՝ ինչ է տեղի ունենում»

Ամերիկացի համանախագահ. «Պետք է զգույշ լինենք հրապարակավ խոսքում, չնայած գիտենք՝ ինչ է տեղի ունենում»

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը գիտի, թե ինչ է կատարվում ԼՂ հարցում, սակայն պետք է հրապարակային հայտարարություններում զգուշությամբ հանդես գա: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ պատասխանելով հարցին, թե ինչու համանախագահների հայտարարությունները թիրախային չեն լինում:

«Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք՝ ինչ է կատարվում, ինչ է տեղի ունենում: Սակայն, որպես միջնորդներ պետք է մի փոքր տարածություն պահենք, որպեսզի մյուս կողմին չնեղացնենք: Եթե նման բան լինի, նշանակում է քննարկումներ, միջնորդություն ունենալու հնարավորությունը կխաթարվի: Պետք է միշտ զգուշություն ցուցաբերենք, երբ հրապարակավ ենք հանդես գալիս, նույնիսկ եթե փակ դռների հետևում գիտենք, թե ինչ է տեղի ունենում», ասել է Հոգլանդը, մերբերում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, շուտով կլրանա ապրիլյան բռնությունների մեկ տարին, և նրանց ուղերձն այն է, որ այս մեկ տարին պետք է նշանավորել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում:

Ամերիկացի համանախագահը չի համաձայնել, որ դիվանագետների հայտարարությունները հանգեցրել են ապրիլյան պատերազմին.

«Ես չեմ համաձայնի ձեզ հետ, որ համանախագահների հայտարարությունները կարող էին հանգեցնել պատերազմական գործողությունների։ Դուք տեսնում եք բանակցությունների միայն այն մակարդակը, որը տեսանելի է, մեկ այլ մակարդակում էլ կատարվում է աշխատանք։ Ես չեմ կարծում, որ հայտարարությունները կարող էին նպաստել պատերազմին», մեջբերում է Aysor.am-ը։

Հարցին, թե ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ինչ տարբերակներ կան, համանախագահն ասել է. «Սեղանին կան մի շարք ողջամիտ պլաններ, միգուցե ոչ վերջնական: Կարևորն այստեղ այն է, որ լինի քաղաքական կամք բարձրագույն ղեկավարության մակադակով բոլոր կողմերում՝ վերադառանալ բանակցությունների, աշխատել այդ նախագծերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի գտնել խաղաղ կարգավորում: Ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ քննարկելու այդ պլանները»:

Հարցին, թե բանակցային սեղանին կա արդյոք «լավրովյան պլան» և ինչ է իրենից ներկայացնում այն, ամերիկացի դիվանագետը նախ ասել է, որ այդ փաստաթուղթը չի կոչվում «լավրովյան պլան», այնուհետև նշել է, որ բանակցային սեղանին դրված փաստաթուղթը երեք մասից է կազմված։

«Ինձ համար տեղին չէ մանրամասներ ներկայացնել բանակցային սեղանին դրված պլանի վերաբերյալ։ Կողմերը պետք է առանձին աշխատեն դրա շուրջ։ Բանակցությունը թղթախաղ չէ, որ խաղաքարտերը դրվեն սեղանին, սա դիվանագիտություն է, և պլանը կարող է ընթացքում փոփոխվի, դրա համար բաց, հրապարակային չի ներկայացվում ամեն ինչ։ Մենք հանդիպում ենք կողմերին, փորձում ենք գտնել ընդհանուր եզրերը, ճանապարհը, որով կարող ենք առաջ շարժվել։ Մենք փորձում ենք հաշտեցնել կողմերին, որից կարող են շահել ժողովուրդները», - հայտարարել է դիվանագետը։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահը, խոսելով բարձր մակարդակի հանդիպումների մասին, նշել է, որ հնարավոր է ապագայում երկու երկրի ԱԳ նախարարները հանդիպեն՝ նախապատրաստելու նախագահների հանդիպում:

Նա նաև նշել է, որ մարտի 28-ին ուղևորվելու են Արցախ, Ստեփանակերտում հանդիպելու են տեղի իշխանություններին՝ ներկայացնելու հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները:

«Ժամանակն է, որ սկսվեն բանակցությունները: Բռնությունը պատասխանը չէ, ընտանիքներ են ոչնչանում, տնտեսություններ է վնասում: Պետք է ամենադրական լուծումները փորձենք գտնել»,- ասել է Հոգլանդը:

Մարտի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Քննարկվել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը, շեշտվել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին կայացված որոշումների իրագործման անհրաժեշտությունը։

Համանախագահները ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մարտի 11-ին Բաքվում են եղել: Այնտեղ կայացած մամուլի ասուլիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---