ՄԻՊ-ի կոչը․ Զերծ մնացեք երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելուց

ՄԻՊ-ի կոչը․ Զերծ մնացեք երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելուց

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում բոլոր կողմերին, այդ թվում՝ քաղաքական գործընթացի մասնակիցներին իրենց ելույթներում և գործողություններում զերծ մնալ երեխաներին քաղաքական գործընթացներին ներքաշելու կամ երեխայի շահը խաթարելու փորձերից:

Մարտի 27-ին Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հրապարակային ելույթով կոչ է արել ծնողներին իրենց երեխաներին հանել դպրոցներից: Այդ հրապարակային կոչը լայնորեն տարածվել է զանգվածային լրատվության միջոցներով: Ընդ որում, ելույթում կոչը հիմնավորվում է դպրոցների տնօրեններին, Զոհրաբյանի ձևակերպմամբ, թաղի խուժանի, կրիմինալի հետ համեմատությամբ:

Ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն-ն ահազանգել էր, որ Հայաստանում դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն աշխատում են իշխող Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելով։ ՀԿ-ն հայտնում է, որ հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: 136 տնօրենից միայն 22-ն է հերքել ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը։

ՄԻՊ-ը նշում է, որ որևէ հանգամանք, այդ թվում՝ նախընտրական քարոզչության գործընթացը չի կարող արդարացնել երեխաների իրավունքները, այդ թվում՝ կրթություն ստանալու նրանց իրավունքը կոպտորեն ոտնահարող հայտարարությունները:

«Հատկապես վտանգավոր է, երբ այդպիսի կոչերն արվում են հանրային գործիչների կողմից: Պետք է միշտ նկատի ունենալ երեխայի շահը՝ որպես բացարձակ արժեք, իսկ դրա խաթարումը՝ որպես երեխայի իրավունքների խախտում:

Մարդու իրավունքների պաշտպանը, օժտված լինելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում,ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու իրավասությամբ, խիստ անթույլատրելի է համարում նման ելույթներն ու կոչերը», - ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արդեն իսկ նշվել էր, որ հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ենթադրաբար կապվող ձայնագրություններն ու դրան առնչվող բոլոր հրապարակումները պետք է դառնան մանրամասն ստուգման առարկա, իսկ գնահատականները՝ հիմնված լինեն ստուգման արդյունքի վրա:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---