Ազնավուր. Աշխատունակությունն իմ գլխավոր հայկական հատկանիշն է

Ազնավուր. Աշխատունակությունն իմ գլխավոր հայկական հատկանիշն է

PanARMENIAN.Net - Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը «Չաստնի կորեսպոնդենտ»-ին տված հարցազրույցում խոստովանել է՝ աշխատունակությունն իր գլխավոր հայկական հատկանիշն է:

«Ես չեմ հավատում ոգեշնչմանը, ես քրտինքին եմ հավատում: Ես որպես վարպետ մշակում եմ ամեն մի բառը, հղկում եմ ամեն մի արտահայտությունը: Եթե ինձ օրեր, շաբաթներ ու ամիսներ է պահանջվում անհրաժեշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն որոնում եմ այն»,-պատմել է Ազնավուրը: Նա խոստովանել է, որ չի վախենում ռիսկից և ամեն անգամ մարտահրավեր է նետում ինքն իրեն:

«Ես ամեն անգամ ռիսկի եմ գնում, բեմ բարձրանալով 92 տարեկանում՝ համերգն անցկացնելով առանց ընդմիջման և առանց մի կում ջրի: Եվ դա դեռ հաշվի չառած երկար ժամեր տևող ավիաուղևորությունները: Ես մինչ օրս մարտահրավեր եմ նետում ինքնս ինձ»,-ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ մտադիր է այցելել այն երկրներ, որտեղ չի եղել համերգներով, օրինակ, Չինաստան կամ Հարավային Կորեա:

Շանսոնյեն խոսել է նաև Ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի մասին: «Մեր ծնողների ճակատագիրն ու նրանց վարքագիծը օրինակ դարձան մեզ համար: Նրանք հաճախ էին հիշում Կոստանդնուպոլսից փախչելիս իրենց կյանքը փրկած իտալացի նավապետի քաջությունն ու բարությունը: Նրանք արդեն նավի վրա էին, երբ թուրք զինվորներից մեկը լսեց հայերեն խոսակցությունն ու վազեց նրանց ետևից: Սակայն նավապետը պաշտպանեց ծնողներիս»,ասել է Ազնավուրը:

Նա հավելել է, որ ընտանեկան հարաբերությունները միշտ սերտ են եղել: Ես սկսեցի զրոյից, ամեն ինչ ստիպված էի ինքնուրույն սովորել՝ երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն: Այն ժամանակ ուսումը վճարովի էր, իսկ մեր ընտանիքի հնարավորությունները շատ համեստ էին, ես ստիպված էի վաղ հեռանալ աշակերտական սեղանից: Եվ այդ պահից ստիպված էի ամեն ինչ ինքնուրույն ուսումնասիրել կյանքում»,-ասել է Ազնավուրը:

Ապրիլի 5-ին Ազնավուրը համերգով հանդես կգա Մոսկվայում՝ Կրեմլի պալատում:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---