Չարաշահում՝ զոհված զինծառայողի ընտանիքին միջոցներ հատկացնելու դեպքով

Չարաշահում՝ զոհված զինծառայողի ընտանիքին միջոցներ հատկացնելու դեպքով

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ:

Նախնական քննության տվյալներով՝ N զորամասի զինծառայող, ենթասպա Է.Մելքոնյանը և նրա հանգուցյալ եղբոր կինը, տեղեկանալով, որ զոհված և մահացած զինծառայողների՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող ընտանիքներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար, որոշել են դիմել՝ այն ստանալու համար։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կինն իր որդիների հետ բնակվելիս է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում, այսինքն՝ նշված ծրագիրն իրականում նրանց վրա չի տարածվել, այդուհանդերձ, գրավոր դիմում է ներկայացրել առ այն, թե որդիների և սկեսրոջ հետ բնակվում է վարձակալական հիմունքներով, և խաբեության եղանակով ընդգրկվել բնակարանի՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում։ ՊՆ-ի և այրու միջև 2012-ի հունիսին կնքվել է թիվ 2/1 պայմանագիրը, որի հիման վրա՝ վերջինիս փոխանցվել է 21.115.000 ՀՀ դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար։

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու համար։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Մելքոնյանին և նրա հանգուցյալ եղբոր կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Բացի այդ, որոշում է կայացվել ՊՆ բաժանմունքի նախկին պետ Կ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Երկու մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---