Տարեկան խոշոր վճարները մասամբ և պարբերաբար վճարելու գործիք է ստեղծվել. «Դրոփս» հավելվածն է

Տարեկան խոշոր վճարները մասամբ և պարբերաբար վճարելու գործիք է ստեղծվել. «Դրոփս» հավելվածն է

PanARMENIAN.Net - «Դրոփս» ՍՊԸ-ն Ամերիաբանկի հետ համատեղ մարտի 28-ին ներկայացրեց վճարային նոր գործիք (հավելված)` «Դրոփս» անվանմամբ, որը ֆիզիկական անձանց հնարավորություն է տալիս վճարային քարտերի միջոցով կատարել ավտոմատացված վճարումներ` ամենօրյա գրաֆիկով:

Այս նոր վճարային գործիքի միջոցով հնարավոր է թեթևացնել տարեկան կամ ամսական կտրվածքով անհրաժեշտ վճարումների բեռը, հատկապես մեծ գումարներով վճարումների դեպքում: Հավելվածը վճարողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից սմարթֆոնի, պլանշետի միջոցով ավտոմատացնել վճարումների կատարումը` խնայելով ժամանակ և զերծ մնալ դրանց վճարումը ուշացնելուց: Առավել լայն մասսաներին այս վճարային գործիքի հասանելիության ապահովումը կնպաստի տարբեր ոլորտներում մատուցվող ծառայությունների ծավալների ընդլայնմանը:

Ամերիաբանկը, շարունակելով սատարել առցանց ծառայությունների զարգացմանը և այդ ուղղությամբ նորամուծությունների ներդրման և խթանման գործընթացին, «Դրոփս»-ի հետ գործակցության շրջանակում հանդես է գալիս օգտատերերի քարտերից գումարների ստացման և օպերատորներին փոխանցման գործընթացով: Առցանց գործարքների բարձր անվտանգությունը բանկն ապահովում է VbV (Verified by VISA) և Secure Code տեխնոլոգիաների կիրառման միջոցով:

«Երևի թե բոլոր քաղաքացիներն առնչվել են այն խնդրի հետ, որ տարեկան խոշոր վճարները ֆինանսական բավականին ծանր բեռ են ստեղծում ընտանեկան բյուջեի համար: Այդպիսի վճարներ են, օրինակ՝ ձմեռային սեզոնի ժամանակ գազի վճարը, ուսման վարձը: Մենք մշակել ենք մի հավելված, որի միջոցով հնարավոր կլինի նման խոշոր տարեկան վճարները կատարել նախապես՝ գումարը փոխանցելով որոշակի պարբերականությամբ և մաս-մաս», - բացատրեց «Դրոփս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Վահագն Ծատուրյանը:

Նրա խոսքով, ընկերությունը պայմանագրեր է կնքել ՀՀ-ում գործող մոտ 20 կազմակերպության հետ, որոնց հաճախորդները կարող են օգտվել հավելվածից:

«Օրինակ, հավելվածում ընդգրկված ծառայություններից ընտրում եք ուսման վարձը, հետո՝ բուհը, այնուհետև ընտրում եք, թե ինչ պարբերականությամբ եք ուզում փոխանցել ուսման վարձը: Եթե ընտրել եք օրական վճարում, ապա համակարգն այդ եռամսյակային կամ տարեկան ուսման վարձի գումարը բաշխում է մինչև վարձը տալու սահմանված ժամկետը մնացած օրերով: Այդ օրական գումարները գանձվում են հաճախորդի վճարային քարտից: Այսինքն՝ գանձվում է և միանգամից փոխանցվում տվյալ բուհի հաշվեհամարին: Կան նաև շաբաթական, ամսական վճարման տարբերակներ», - պարզաբանեց Ծատուրյանը:

Պատասխանելով PanARMENIAN.Net ի հարցին՝ նա նշեց, որ համակարգը տոկոսադրույք չի ենթադրում, սակայն գոյություն ունի միջնորդավճար: Համակարգում ընդգրկված կազմակերպություններ կան, որոնք իրենց վրա են վերցրել այդ միջնորդավճարը, իսկ համակարգից օգտվողը ծառայության համար արդեն չի վճարում: Մնացած դեպքերում գործում է 1.9 տոկոս միջնորդավճար:

«Դրոփս» վճարային հավելվածը հնարավոր է անվճար բեռնել App Store-ից և Google Play-ից: Ներկայացված ծառայության մեկնարկը կտրվի ապրիլի 5-ին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը, իր հերթին, ներկայացրեց հավելվածի արդյունավետությունը:

«Պատկերացրեք, որ ընտանիքը հնարավորություն է ստանում ամսական, շաբաթական կամ օրական կտրվածքով վճարումներ կատարել և ուսման մեծ գումարն աստիճանաբար մարել՝ մինչև վճարը կատարելու օրը: Բավականին գրավիչ գործիք է լինելու շատերի համար, քանի որ դժվար է միանգամից զգալի գումար վճարել, իսկ այդպես ֆինանսական հոսքերը կկառավարվեն, կբաշխվեն, - ասաց Բարսեղյանը:

Նրա խոսքով, ընտանիքները շատ դեպքերում ստիպված են լինում վարկեր վերցնելուսման վարձը վճարելու համար, մինչդեռ տվյալ դեպքում այս ծառայությունը հնարավորություն կտա «Դրոփս» ընկերության՝ բուհերի հետ կնքված պայմանագրի շրջանակում ամսական կամ օրական վճարելով՝ խուսափել վարկ վերցնելուց: Նա շեշտեց, որ համակարգում գործող միջնորդավճարը վարկերի դեպքում գործող տոկոսադրույքներից շատ ավելի ցածր են:

Ամերիաբանկ ՓԲԸ Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ համակարգը հնարավրություն է տալիս վճարումները հեռահար կատարել՝ մեկ հավելավածի միջոցով.

«Հավելվածից օգտվելն էլ չափազանց հեշտ է: Ներբեռնում եք, այնուհետև համակարգն ուղղորդում է, թե ինչպես կատարել այս կամ այն գործարքը»:

Մովսիսյանը շեշտել է, որ համակարգում բացարձակապես անվտանգ տեխնոլոգիաներ են կիրառվում: Քարտային տվյալները ոչ մի կայքում չեն պահվում, համակարգն ունի եռաշերտ պաշտպանվածություն, իսկ հավելվածը հասանելի է Arca համագարգում գործող բոլոր բանկերի հաճախորդների համար:

«Դրոփս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Աշոտ Մեսրոպյանը տեղեկացրեց, որ հավելվածում ներառված կազմակերպությունների թիվը կավելանա:

«Մեզ միացել են ՀՀ մի շարք բուհեր, դպրոցներ, մանկապարտեզներ, ապահովագրական կազմակերպություններ, տուրիստական ընկերություններ, գույքահարկի, կոմունալ ծառայություններ, կարելի է այս համակարգով վճարել ոստիկանության տուգանքները: Կազմակերպությունների քանակն ավելանալու է, բանակցություններ ենք վարում», - ասաց նա:

Այսպիսով, «Դրոփս» վճարային գործիքի միջոցով հնարավոր է կատարել ապահովագրական վճարներ, ուսման վարձավճարներ, կոմունալ վճարումներ, կապի ծառայությունների վճարներ, վարկերի մարումներ և մի շարք ծառայություններից օգտվելու վճարներ, մասնավորապես` մարզասրահներից, լողավազաններից օգտվելու, զբոսաշրջության և այլ վճարներ: Այս ծառայությունների շրջանակը շարունակաբար ընդլայնվելու է:

Վճարումները ստացող իրավաբանական անձանց հավելվածը հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ծավալները հարմարավետ և ֆինանսապես հասանելի գործիքից օգտվելու միջոցով, հետևել վճարումների ընթացքին, ունենալ կանոնավոր, մշտական ֆինանսական հոսքեր, դրամական միջոցների արագ շրջանառություն, շատ դեպքերում նաև միջոցների հավաքագրում կանխավճարի տեսքով, ինչպես նաև հիմնականում խուսափել վճարումներն ուշացումով ստանալուց:

Ներկայացված հավելվածը շատ ճկուն է և ընձեռում է նաև լրացուցիչ հնարավորություններ, մասնավորապես` հավելվածի օգտատերերը հնարավորություն ունեն փոխել վճարման օրական պարբերականությունը շաբաթական կամ ամսական պարբերականությամբ, գործարքը դադարեցնել ցանկացած պահի և ոչ միայն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---