Թուրքմենստանը ուզում է «Զվարթնոցը» որպես տարանցիկ գոտի օգտագործել

Թուրքմենստանը ուզում է «Զվարթնոցը» որպես տարանցիկ գոտի օգտագործել

PanARMENIAN.Net - Թուրքմենստանը շահագրգռված է Երևանի օդանավակայանը որպես տարանցիկ գոտի օգտագործելու հարցում: Այդ մասին հայտնի է դարձել Թուրքմենստանի կառավարության անդամների հետ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ:

Պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աշխաբադում հանդիպել է Թուրքմենստանի կառավարության անդամներին՝ նախարարների կաբինետի տեղակալ Դադեբայ Ամանգելդիևի գլխավորությամբ:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հայկական կողմից ներկայացված առաջարկություններն ունեն մեծ հեռանկար ու կարող են խթան դառնալ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման համար։

Թուրքմենական կողմը շահագրգռվածություն է հայտնել ակտիվորեն համագործակցել հայկական տարբեր ապրանքների մատակարարման, ավիաչվերթների կազմակերպման, Երևանի օդանավակայանը որպես տրանզիտային գոտի օգտագործելու, ավտոգազալիցքավորման ճնշակայանների կառուցման և այլ ուղղություններով, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

ՀՀ վարչապետը և Թուրքմենստանի նախարարների կաբինետի ղեկավարը կարևորել են էներգետիկայի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ոսկերչության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը՝ համապատասխան ոլորտների պատասխանատուների մասնակցությամբ:

ՀՀ վարչապետը վերահաստատել է, որ կառուցողական և արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ և հույս հայտնել, որ արդյունքները նոր թափ և որակ կհաղորդեն հետագա հարաբերություններին։

«Քննարկել ենք հայ-թուրքմենական կողմերին հետաքրքրող տարբեր հարցեր: Պետք է փաստեմ, որ մեր հարաբերություններում առկա ներուժի արդյունավետ իրացումը զարգացման մեծ հեռանկարներ ունի», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Կողմերն ընդգծել են, որ կառուցողական համագործակցությունը, այդ թվում միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը նոր թափ կհաղորդի հարաբերությունների հետագա խորացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---