Վարդերի աճեցման տնտեսությունը կընդլայնվի մոտ $30 մլն ներդրումով. Աշխատատեղեր կավելանան

Վարդերի աճեցման տնտեսությունը կընդլայնվի  մոտ $30 մլն ներդրումով. Աշխատատեղեր կավելանան

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզի Գողթ համայնքում գտնվող «Էկոտոմատո» ՓԲԸ-ի վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն: Վարչապետը շրջել է ալյումինից և հատուկ ապակուց կառուցված ջերմոցներում, ծանոթացել տնտեսությունում իրականացվող աշխատանքներին, զարգացման ծրագրերին:

Ջերմոցները հագեցած են ոլորտում հեղինակավոր հոլանդական «Դալսեմ» ընկերության ժամանակակից տեխնոլոգիաներով՝ ասիմիլացիոն լուսատու որակի ու միկրոկլիմայի վերահսկողության ավտոմատ համակարգերով և այլն: Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Վրաստան, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Նախատեսվում է ընթացիկ տարում արտահանել մոտ 22 մլն վարդ: 2017-ին ընկերությունում ծրագրում են ջերմոցային տնտեսությունը 20 հեկտարի հիման վրա ընդլայնել ևս 15 հեկտարով՝ ներդնելով մոտ 30 մլն դոլար:

Աշխատանքներ են տարվում արտադրանքն արևելյան շուկաներ՝ ԱՄԷ, Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան արտահանելու ուղղությամբ: Ընկերությունում ներկայում աշխատում է 200 մարդ: Ակնկալվում է, որ նոր ներդրումային ծրագրի արդյունքում աշխատատեղերի թիվը կավելանա ևս 200-ով: Կառավարության ղեկավարը ողջունել է ընկերության գործունեությունն ընդլայնելու ծրագրերն ու կարևորել արտահանման ծավալների ավելացումը:

Կարեն Կարապետյանն այցելել է նաև Գառնիի արվեստի դպրոց՝ ծանոթացել գործունեությանը: Գառնիի և հարակից այլ համայնքների երեխաներն այստեղ հնարավորություն ունեն ստանալ կրթություն՝ նկարչության, խեցեգործության, դիզայնի, քանդակագործության բաժիններում: Դպրոցում գործում են նաև շախմատի և համակարգչային դասընթացների խմբակներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---