«Մագելանի», «Արենի 1», «Արջի», «Մոզրովի» ու «Քարե դռներ» քարանձավները վարձակալության կտրվեն

«Մագելանի», «Արենի 1», «Արջի», «Մոզրովի» ու «Քարե դռներ» քարանձավները  վարձակալության կտրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի ), «Արջի, «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Նախարարության տեղեկացմամբ, այս քարանձավները պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են։

Նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանի տեղեկացմամբ, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ հարցը մանրազնին քննարկելուց հետո ընտրվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող դիտարժան այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները:

«Քարանձավներում առկա միջավայրի պահպանության հարցերը պարզելու, պահպանության պատշաճ պայմաններն ու պահանջները սահմանելու նպատակով խորհրդակցել ենք բնապահպանների, քարանձավագետների, հնագետների և այլ մասնագետների հետ: Ստացել ենք համապատասխան կարծիքներ: Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝ պատշաճ պահպանություն և օգտագործում, ինչը ենթադրում է համապատասխան մասնագետների ներգրավում իրենց աշխատանքային խմբերում»,-ասել է Սուրեն Շաքարյանը, գրում է Panorama.am-ը:

Մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին ներկայացվող հայտին կից ծրագրային փաթեթում, նրա խոսքով, պետք է ամրագրված լինեն անվտանգության, էկոհամակարգերի, առկա հնագիտական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տեղեկություններ ֆինանսական ներդրումների վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձիք, նախատեսվում է նաև համատեղ օգտագործման հնարավորությունը: Հայտերի ընդունման համար սահմանված է 45-օրյա ժամկետ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---