Բելգրադյան դպրոցի սանի գրաֆիկական ցուցահանդես՝ Երևանում

Բելգրադյան  դպրոցի սանի գրաֆիկական ցուցահանդես՝ Երևանում

PanARMENIAN.Net - Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աջակցությամբ, ապրիլի 6-ից 12-ը Միրյանա Տոմաշևիչը (Սերբիա) հանդես կգա գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսով։

Ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 6-ին` ժամը 13։00-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում։

Միրյանա Տոմաշևիչի աշխատանքները գրաֆիկայի Բելգրադյան դպրոցին են պատկանում: Նա այդ դպրոցի պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի լավագույն սաներից է և նրա գործի շարունակողը: Նա ձևավորել է ստեղծագործական մի միջավայր, որում արվեստի գործերին հնչեղություն, ժամանակակից պոետիկա հաղորդելու տեխնոլոգիական նոր միջոց է:

Ծնվել է 1967 թվականին, Բելգրադում: 1991-ին ավարտել է Բելգրադի Արվեստների համալսարանի կիրառական արվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը, 1994-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Կիրառական արվեստի ֆակուլտետում աշխատում է որպես գրաֆիկայի դասախոս:

Մասնակցել է անհատական և խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների, բիենալեների և տրիենալեների: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: Նրա շատ աշխատանքներ գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ:

Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---