Վարչապետ. Մեր թիմը հաստատակամ է ժողովրդի տված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու

Վարչապետ. Մեր թիմը հաստատակամ է ժողովրդի տված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու

PanARMENIAN.Net - Հանրության բոլոր հատվածների համար անվիճելի է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած հերթական խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին ավելի բարձր մակարդակով, քան նախորդ տարիներին: Այս մասին ասվում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձում, որը տեղադրվել է նրա ֆեյսբուքյան էջում:

«Շնորհակալ եմ ընտրությանը մասնակցած ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց ակտիվ և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշումը դրսևորելու համար: Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու»,-ասվում է ուղերձում:

Վարչապետը նշել է նաև, որ առջևում սպասվում է հետևողական և քրտնաջան աշխատանք:

«Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից: Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք Նոր Հայաստան, որպեսզի մեր երկրի ամեն քաղաքացի իրեն ավելի լավ զգա, քան նախկինում»,-ասվում է Կարեն Կարապետյանի ուղերձում:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---