Ահազանգ. Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն անթույլատրելի է

Ահազանգ. Փոլադ Բյուլբյուլօղլուի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիան» զարմացած և խիստ վրդովված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Մուրթուզաօղլու Մեմեդովի (ով հայտնի է Բյուլբյուլօղլու բեմական անունով) թեկնածության առաջադրման լուրերի կապակցությամբ: Այս մասին ասված է Կոալիցիյի տարածած նամակ-կոչում, որն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բուլբուլողլուի թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով:

«Անկախ քաղաքական օրակարգից, ազգային և կրոնական պատկանելությունից, Փոլադ Բյուլբյուլօղլուն, իր կարիերայի ընթացքում շարունակաբար ցուցաբերել է անձնային հատկանիշներ, որոնցում տեղ չունեն բարոյական սկզբունքայնությունը, մարդկային և մշակութային բազմազանությունն ու արժեքները: Եթե Բյուլբյուլօղլուն ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմության մեջ կգրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն ոչնչացնող մարդու՝ նույն կազմակերպության գլխավոր տնօրեն դառնալու նախադեպ: Նրա առաջադրումն ինքնին արդեն իսկ խարխլում է այն բարոյական հիմքը, որի վրա կառուցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ստեղծում է մի շատ վտանգավոր նախադեպ:

Բյուլբյուլօղլուի տասնութ տարվա կարիերան, որպես Ադրբեջանի Մշակույթի նախարար, լի է Հարավային Կովկասի, և անգամ իր սեփական ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ կատարած հանցանքներով»,- ասված է նամակում:

Նշվում է նաև, որ որպես նախարար իր պաշտոնավարության ընթացքում Նախիջևանի Ջուղա քաղաքի միջնադարյան խաչքարերը, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են Համաշխարհային Ժառանգություն, համակարգված և սիստեմատիկ կերպով ոչնչացվում էին, մինչդեռ Եվրոպական խորհրդարանի 10 պատգամավորի արգելվել էր մուտք գործել այդ ավերածությունների վայր:

«ԱՄՆ-ի՝ Գիտության զարգացման ասոցիացիայի՝ 2009 թվականի և «Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի»՝ 2003 և 2006թթ. կողմից արբանյակային պատկերների գիտական ուսումնասիրության արդյունքները նշված զարհուրելի հանցանքի անհերքելի ապացույց են: Լինելով Ադրբեջանի մշակույթի նախարար, այս հանցանքի կատարման ամբողջ ընթացքում, Բյուլբյուլօղլուն բառ անգամ չի արտասանել՝ ի դատապարտում այս արհավիրքի և ոչ մի գործողություն չի ձեռնարկել՝ հանցանքը կանխելու կամ կանգնեցնելու ուղղությամբ:

Բյուլբյուլօղլուն նաև պատասխանատու է Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, լեզգի, թալիշ, ավար, թաթ, թաթար, ցախուր, ուդին, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչների բռնի միաձուլման համար: «Ռասսիզմի և խտրականության դեմ Եվրոպական Հանձնաժողով»-ի 2007թ․-ի զեկույցը Ադրբեջանի մասին լավագույնս արտացոլում է այն իրավիճակը, որում հայտնվել էր Ադրբեջանը՝ Բյուլբյուլօղլուի տասնութ տարվա աշխատանքի արդյունքում»:

Կոալիցիան հայտնում է, որ Բյուլբյուլողլուի պաշտոնավարումը նաև նշանավորվել է Ադրբեջանի մտավորականության և մշակութային էլիտայի, մասնավորապես, գրողների, արվեստագետների և լրագրողների նկատմամբ ճնշումներով, եթե վերջիններս անգամ փոքր-ինչ շեղվել են Ադրբեջանի իշխանությունների ազգային պատմա-քաղաքական օրակարգից:

«Բյուլբյուլօղլուն հիսուն տարվա ընկեր, լեգենդար երգիչ Մուսլիմ Մագոմաևի խոսքով՝ «Որպես արվեստի մարդ, ես չեմ կարող ինձ թույլ տալ այցելել Բաքու, քանի դեռ Փոլադ Բյուլբյուլօղլուն տնօրինում է մշակույթի նախարարությունը: Ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ մշակույթը երկար ժամանակ և սիստեմատիկ ոչնչացվում է մշակույթի նախարարի կողմից» (հարցազրույց, Ռեգնումնյուզ, 2005):

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության մեջ ասված է. «Քանի որ պատերազմները սկսվում են մարդկանց մտքերում, մարդկանց մտքերում է, որ խաղաղության պաշտպանությունը պետք է կառուցվի»: Այնուամենայնիվ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է շուտով ունենալ Գլխավոր տնօրեն, ով շարունակաբար դիմում է ռազմետենչ և պատերազմական հռետորաբանության՝ Արցախյան հիմնախնդրի մասին կարծիք հայտնելիս: Բյուլբյուլօղլուի, որպես Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան պաշտոնավարման ընթացքում, նա բազմիցս հրապարակավ ցանկություն և պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքին մասնակցել Արցախում պատերազմական գործողություններին՝ լիարժեք արհամարհանքի մատնելով մարդասիրական արժեքները: Այս պատճառով մենք չենք տեսնում նշված անընդունելի թեկնածությանը նախապատվություն տալու որևէ տրամաբանական հիմնավորում:

Մենք, որպես «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա», գտնում ենք, որ Փոլադ Բյուլբյուլօղլուն, ելնելով իր՝ նախադեպերի միջոցով դրսևորած անձնային հատկանիշներից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն ընտրվելու դեպքում, կխարխլի այն բարոյական հիմնասյուները, որոնց վրա կազմավորված և գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և այս մարդասիրական կազմակերպությունը կընկղմվի խավարի մի նոր ժամանակաշրջան՝ նշանավորված համաշխարհային մշակութային և մարդկային արժեքների նկատմամբ հանցավոր անտարբերությամբ և կողմնակալությամբ»,- ասված է նամակում:

Նամակ-կոչը նաև ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր մարմնի 58 անդամ երկրի ներկայացուցիչներին, ինչես նաև՝ այլ պատկան մարմիններին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---