Ֆիննախ. ՀՀ կառավարությունը հավակնում է տնտեսական աճի 3.2%-ից բարձր ցուցանիշի

Ֆիննախ. ՀՀ կառավարությունը հավակնում է տնտեսական աճի 3.2%-ից բարձր ցուցանիշի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը միջնաժամկետ ծրագրերում հավակնում է ունենալ տնտեսական աճի շատ ավելի բարձր ցուցանիշներ, քան 3.2 տոկոսն է: Այս մասին կառավարության ապրիլի 6-ի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«Շատ կարևոր է, որ լրացուցիչ միջոցները մենք վերաուղղենք կապիտալ ծախսերին, մենք մի քանի ռաունդով ունեցել ենք քննարկումներ, որպեսզի նախապատվություն տանք արտաքին ֆինանսավորմամբ այն ծրագրերին, որոնք կապիտալ բնույթի են: Շուրջ 98 միլիոն դոլարի չափով առանձնացրել ենք այն ծրագրերը, որոնք կարելի է այս տարի իրականացնել»,- ընդգծել է Արամյանը:

Ֆինանսների նախարարն ասել է, որ 98 միլիոն դոլարը որոշակիորեն ազդում է պարտքի և դիֆիցիտի ցուցանիշի վրա։ Մյուս կողմից, ըստ նրա, կարևոր է, որպեսզի կարողանան պարտքը միջնաժամկետում կայունացնել, գրում է Panorama.am-ը:

«Պարոն վարչապետ, այստեղ մենք ունենք լավ լուր, որը վերաբերում է առաջին եռամսյակում հարկահավաքման ցուցանիշին: Մենք 1 տրիլիոն 135 միլիարդի ադեկվատ ծրագիրը գերակատարել ենք մոտ 11.5 մլրդ դրամով: Եթե մենք կարողանում ենք այդ վարքագիծը պահպանել, ապա մոտ 50 մլրդ-ով կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և, միևնույն ժամանակ, այդքան էլ կատարել կապիտալ ծախսեր, որպեսզի 2018 թվականին տնտեսական աճի ցուցանիշը շատ ավելի բարձր թիրախավորենք»,- ասել է ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ կարծում են՝ նույն տեմպերը կկարողանան պահպանել, քանի որ ՊԵԿ-ի գործընկերները բավականին ագրեսիվ իրականացնում են բարեփոխումները:

Վարդան Արամյանը վարչապետին խնդրել է բոլոր գերատեսչություններին հանձնարարել, որ մեկշաբաթյա ժամկետում ներկայացնեն բոլոր բյուջետային հայտերը, որովհետև կապիտալ ծախսեր անելու համար անհրաժեշտ է իրավական հիմք։

«Շատ լավ»,- արձագանքել է վարչապետը՝ հավելելով, որ առաջին եռամսյակում ՊԵԿ-ի աշխատանքը գնահատում են լավ.

«Եվ դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Մենք այս քայլին գիտակցաբար գնում էինք և հատուկ ընտրություններից հետո ենք ասում, որպեսզի մեզ չմեղադրեն, որ մենք պոպուլիզմով ենք զբաղվում: Այս լուծումը մեզ մոտ նախապատրաստված էր մինչև ընտրություններ: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ ՊԵԿ-ի առաջ դնում ենք բավականին ծանր խնդիր: Պլանը դնելու ժամանակ դրել էինք բավական բարձր, իսկ գերակատարելու ժամանակ պլանը փոխում ենք: Մենք ՊԵԿ-ից սպասում ենք երկրորդ փուլի բարեփոխումների ծրագիրը: Մենք շատ լավ գիտակցում ենք` ինչ խնդիր ենք դրել և տարվա վերջին գնահատական տալուց բոլոր փոփոխությունները հաշվի ենք առնելու»:

Գործադիրի նիստում վարչապետը նաև հայտնել է, որՀՀ կառավարության ծրագրի կարճաժամկետ միջոցառումների համար սահմանված ժամկետն ավարտվել է, և առկա է նոր միջոցառումների և գերակա խնդիրների մշակման անհրաժեշտություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---