Սասունյան. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա խրախուսում և հզորացնում է ահաբեկիչներին

Սասունյան. Թրամփի հարձակումը Սիրիայի վրա խրախուսում և հզորացնում  է  ահաբեկիչներին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումը Սիրիայի վրա խրախուսում և հզորացնում է ահաբեկիչներին: Այս կարծիքն է հայտնել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:

«Բազմաթիվ ամերիկացիներ և մարդիկ ամբողջ աշխարհում մեծ մտահոգությամբ հետևել են Դոնալդ Թրամփի հնչեցրած չկշռադատված և տարօրինակ գաղափարներին՝ նախագահական քարոզարշավի ընթացքում և ավելի մտահոգիչ՝ նախագահ դառնալուց հետո:

Մի բան է չհամաձայնել նրա հետ ներքին քաղաքականության հարցերով, ինչպես օրինակ, մահմեդական զբոսաշրջիկների արգելումը, առողջապահությունը կամ պատի կառուցումը, բոլորովին այլ բան է, երբ նա սպառնում է օտար երկրներին, ինչպիսիք են Իրանը և Հյուսիսային Կորեան, և ավելի վատ, երբ հրաման է տալիս հրթիռներ արձակել Սիրիայի վրա...

Իսկ ի՞նչ խնդիր կա նման աղետալի որոշման հետ կապված: Թրամփը գիտելիքներ չունի սիրիական հակամարտության վերաբերյալ, բացի այն, ինչ կարդացել է որոշ ծայրահեղական հրապարակումներում և տեսել իր սիրելի FOX News հեռուստաալիքով», - հոդվածում գրում է հրատարակիչը:

Նա նշում է, որ Թրամփը հայտարարել է՝ նա խորապես ցնցվել է քիմիական հարձակումից տուժած մանուկների լուսանկարներից, որոնք տեսել էր հեռուստատեսությամբ:

«Ո՞վ կդիմանար: Անկասկած նրա մոտ եղել է զգացմունքային և ինքնաբուխ արձագանք սրտաճմլիկ պատկերների նկատմամբ, որը սակայն չի կարող փոխարինել կշռադատված արտաքին քաղաքականությանը, առանց այս ողբերգական միջադեպի վերաբերյալ փաստերի մանրակրկիտ քննության և սիրիական ավիաբազայի վրա ծայրահեղ գործողության ՝ 59 «Տոմահավկ» տեսակի հրթիռների արձակման հետևանքների ուշադիր քննման:

Բարեբախտաբար, Թրամփի օգնականները ահազանգել էին Ռուսաստանին հարձակումից քիչ առաջ՝ ռուսական զոհերից խուսափելու համար, որը կարող էր աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար... Բացի այդ, նախագահ Թրամփն իր գործողություններով խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, քանի որ նա չի խնդրել և չի ստացել ԱՄՆ Կոնգրեսի օրենքով պահանջվող թույլտվությունը՝ մեկ այլ ինքնիշխան պետության դեմ պատերազմ սկսելու համար: Թրամփը ոչ իմաստություն, ոչ էլ համբերություն ունեցավ սպասելու քիմիական հարձակման հանգամանքների հետաքննության արդյունքներին՝ ստուգելու, թե ով է իսկապես պատասխանատու այս սարսափելի հարձակման համար», - գրում է Սասունյանը:

Նրա խոսքով, Թրամփի վարչակազմը մեղադրել է Սիրիայի ռազմաօդային ուժերին Իդլիբի մոտ քիմիական հարձակման համար: Սիրիայի և Ռուսաստանի իշխանություններն այլ վարկած ունեն այս իրադարձությունների առնչությամբ: Նրանք պնդում են, որ Սիրիան չի տիրապետում որևէ քիմիական զենքի՝ նման բոլոր վտանգավոր նյութերը ոչնչացնելու վերաբերյալ իր 2003 թ. համաձայնագրից հետո: Բացի այդ, Սիրիան պնդում է, որ քիմիական պայթյունը տեղի է ունեցել իր օդուժի կողմից սիրիական ահաբեկիչներին պատկանող պահեստի ռմբակոծման ժամանակ, որտեղ նրանք պահեստավորել էին այդ վտանգավոր նյութերը.

«Ասադի համար անիմաստ էր քիմիական զենքի կիրառումը, երբ նա հաղթում էր, դրանով նա ռիսկի կդիմեր թշնամացնելու Արևմուտքին և արագացնելու ռազմական միջամտությունը:

Հիշեցնեմ, որ դեռևս 2013 թ. մեկ այլ քիմիական հարձակում եղավ Դամասկոսի արվարձաններից մեկում, որից ավելի շատ մարդիկ սպանվեցին, քան Իդլիբում: Օբաման շատ մոտ էր Սիրիայի դեմ պատերազմ սկսելուն, սխալմամբ կարծելով, որ Սիրիայի կառավարությունն անցել է իր հայտարարած «կարմիր գիծը»: Սակայն, երբ նա իմացավ, որ Դամասկոսի մոտ քիմիական հարձակումը «ուրիշի դրոշի ներքո» էր, ինչը նշանակում էր, որ այն կազմակերպվել էր Թուրքիայի և նրա ահաբեկիչ դաշնակիցների կողմից, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում, Օբաման չիրականացրեց Սիրիայի վրա հրթիռներ արձակելու իր պլանները:

Չպետք է մոռանալ, որ 2003 թ. ամերիկյան պաշտոնյաները կեղծ «հետախուզական» ապացույցներ ներկայացրեցին աշխարհին, պնդելով, որ Սադամ Հուսեյնը տիրապետում է զանգվածային ոչնչացման զենքի՝ արդարացնելով Իրաք ներխուժումը»:

Սասունյանը հավելում է. «Որքան էլ տարօրինակ է, սակայն Կոնգրեսի հանրապետական շատ անդամներ, որոնք այժմ ողջունում են Սիրիայի վրա հարձակվելու Թրամփի որոշումը, այն ժամանակ խստորեն քննադատեցին Օբամային համանման հարձակման ծրագրի համար: Բացի այդ, չնայած 2013 թ. քիմիական հարձակման ժամանակ ավելի շատ մարդիկ և երեխաներ սպանվեցին, Դոնալդ Թրամփը 40 թվիթներ էր հրապարակել, կոչ անելով Օբամային չհարձակվել Սիրիայի վրա: Այն ժամանակ, կարծես թե Թրամփը չէր մտահոգվել «գեղեցիկ սիրիացի մանուկների» համար, ինչպես հիմա է պնդում...:

Թե Սպիտակ տունը, թե ամերիկյան լրատվամիջոցների բազմաթիվ ինքնակոչ փորձագետներ, որոնք վերջին վեց տարիների ընթացքում առավել բացահայտ կեղծիքներ են տարածել Սիրիայի մասին, այժմ պնդում են, որ քիմիական զենքի ոչնչացումը Սիրիայում բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից: Նրանք նաև պնդում են, որ քիմիական զենքերն արգելված են միջազգային պայմանագրերով և դրանց կիրառումը միջազգային իրավունքի խախտում է»:

Հրատարակիչը գրում է, որ ընդունելով այդ հայտարարությունների ճշմարտացիությունը, պետք է հարցնել.

1) Ինչո՞ւ ոչ մի հետաքննություն չիրականացվեց քիմիական հարձակման առնչությամբ մինչև ամերիկյան հրթիռների արձակումը:

2) Ի՞նչ իրավունքով է Թրամփն իրեն կարգել միջազգային իրավունքի դատավոր և աշխարհի ոստիկան: Միջազգային իրավունքը, ըստ սահմանման, այն հարցն է, որ վերաբերում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ամբողջ աշխարհին: Միջազգային իրավունքի նման խախտումների հետաքննության, դատապարտման և պատժելու պատշաճ վայրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է, ոչ թե Սպիտակ տունը: Բացի այդ, ինքնիշխան պետության վրա հարձակումը ինքնին միջազգային իրավունքի խախտում է...

3) Հարձակվելով Սիրիայի վրա և ոչնչացնելով նրա ռազմական ինքնաթիռները, Թրամփը, փաստորեն, խրախուսում և հզորացնում է ԻԼԻՀ-ի ահաբեկիչներին, որպեսզի նրանք շարունակեն և ընդլայնեն իրենց հանցագործությունները Սիրիայում և ամբողջ աշխարհում, հատկապես երբ տեսնում են, որ ամեն անգամ իրենց կողմից քիմիական զենք օգտագործելիս, Արևմուտքը դրա համար մեղադրում է նախագահ Ասադին և հարձակվում Սիրիայի վրա:

Բացի այդ, թուլացնելով և փոխարինելով Ասադին, Թրամփը ռիսկի է դիմում ստեղծելու նմանատիպ քաոս և ահաբեկչություն Իրաքում և Լիբիայում, հանգեցնելով ավելի շատ մահացությունների... Ո՞վ կփոխարինի Ասադին և ի՞նչ երաշխիքներ կան, որ նրա փոխարինողը չի լինի ԻԼԻՀ-ը, պատճառ դառնալով ոչ միայն վերջին քիմիական հարձակման ժամանակվա 80 զոհերի, այլև լրացուցիչ միլիոնավոր զոհերի, ի լրումն կես միլիոն մահացությունների սիրիական հակամարտության վերջին տարիների ընթացքում: Միակ բանը, որ սիրիացի ժողովուրդը չի ուզում՝ հարձակումներն ու արյունահեղություններն են: Այն, ինչ անհրաժեշտ է նրանց՝ դիվանագիտական համառ ջանքերն են լուծում գտնելու հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Սասունյանը նշում է, որ բոլոր նրանք, ովքեր ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում մտահոգ էին, որ Թրամփը կարող է անխոհեմ որոշումներ կայացնել և սպառնալ միջազգային խաղաղությանը, ցավոք, ականատես եղան նրա առաջին նման միջադեպին նրա առաջին 100-օրյա նախագահության ընթացքում: Բոլորն էլ հիմա մտավախություն ունեն, որ ավելի շատ նման զենք ճոճելու և անցանկալի ապակայունացնող հարձակումներ տեղի կունենան առաջիկա շաբաթներին և ամիսներին աշխարհի այլ մասերում: Մնում է հուսալ, որ Թրամփը չի նախաձեռնել հարձակումը Սիրիայի վրա, պարզապես ուշադրությունը շեղելու համար իր բազմաթիվ ներքին խնդիրներից, ինչպես նա բազմիցս արել է այլ հարցերի վերաբերյալ վերջին շաբաթների ընթացքում...

«Վերջապես, ի՞նչ եղան Թրամփի՝ «Սկզբում Ամերիկան» և «Ես Միացյալ Նահանգների նախագահն եմ և ոչ թե աշխարհի» կրկնվող հանդուգն հայտարարությունները»:

ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---