«Այբ»-ի ռոբոտիկայի թիմն ԱՄՆ-ից բրոնզե մեդալով է վերադարձել

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմն ԱՄՆ-ից բրոնզե մեդալով է վերադարձել

PanARMENIAN.Net - Արդեն երկրորդ տարին անընդմեջ «Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը նվաճումներով է վերադառնում ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացվող հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից: Այս անգամ մեր թիմը բրոնզե մեդալով է վերադարձել՝ «մարտական ռոբոտ» (Combat Robot) անվանակարգում:

Ավելի քան 1300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2017-ին:

ՌԱՄ 2016-ին մեր թիմը արժանացել է գլխավոր՝ Հոնդայի ինովացիոն մրցանակին և արծաթե մեդալի` «սումո ռոբոտ» անվանակարգում:

Այս տարի «Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին մարտական ռոբոտով: Մեր ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ էր այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած տասնյակ ռոբոտների հետ:

«Նախորդ տարվա համեմատ՝ մրցույթին մասնակցող թիմերն ահագին զարգացում էին ապրել. բոլորն ավելի պատրաստված էին, ռոբոտներն էլ՝ ավելի կատարելագործված»,- նշել է ռոբոտաշինության խմբի առաջնորդ Սիմոն Զոհրաբյանը:

«Մենք ստեղծել էինք ռոբոտ, որի առաջադրանքն էր ոչնչացնել հակառակորդին: Եվ մեր ռոբոտը հեշտությամբ էր կատարում իր առաքելությունն ու վնասազերծում մյուսներին: Բայց ցավոք, ուշ պարզեցինք, որ մրցավարները միավորները հաշվում էին հարվածների քանակով: Այդ է պատճառը, որ արծաթ կամ ոսկի չշահեցինք»,- պատմում է «Այբ»-ի ռոբոտաշինության խմբի անդամ Արեգ Կարապետյանը:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թ.-ից և հասցրել է տպավորիչ հաղթանակներ տանել մի շարք մրցույթներում՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: 2012 թվականին ArmRobotics բաց մրցույթին «Այբ» դպրոցը ներկայացնող երեք թիմերից երկուսը գրավել են 1-ին և 2-րդ տեղերը՝ գծին հետևող ռոբոտներով, իսկ 2014 թվականին, նույն մրցույթում` «Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավել է պատվավոր առաջին տեղը: 2013 թվականին Թրինիթի քոլեջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) «Հրշեջ ռոբոտ» միջազգային մրցույթում, աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմի մեջ, «Այբ» դպրոցինը լավագույնն է ճանաչվել իր AybStorm ռոբոտով՝ էլեկտրոնիկայի տեսական լուծումների համար:

«Այբ»-ն իր երկու թիմով հաջող է ներկայացել նաև 2014 թ.-ին Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային: Արձանագրվել են նաև այլ նվաճումներ:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոկեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---