ՌԴ-ում ՀՀ դեսպան. Սպառնալիքի դեպքում «Իսկանդերը» կկիրառվի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման

ՌԴ-ում ՀՀ դեսպան. Սպառնալիքի դեպքում «Իսկանդերը» կկիրառվի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման

PanARMENIAN.Net - Սպառնալիքի դեպքում «Իսկանդեր» համակարգերի կիրառման վերաբերյալ որոշումը Երևանը կկայացնի առանց Մոսկվայի հետ համաձայնեցման: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում՝ հավելելով, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանն առաջին հերթին սպառնում են Ադրբեջանի ռազմատենչ ձգտումները և քաղաքականությունը:

Անդրադառնալով «Իսկանդեր» համակարգերին՝ դեսպանը հայտարարել է, որ զենքը գտնվում է ՀՀ ԶՈւ կազմում և համապատասխան կառավարումն իրականացնում է ՀՀ ԶՈւ-ն:

«Ելնելով ՀՀ նախագահի հայտարարությունից՝ սպառնալիքի դեպքում, որպես գլխավոր գերագույն հրամանատար նա իրավունք ունի գործի դնել համապատասխան սպառազինությունը: Չնայած, որ մենք միացյալ ռազմական խմբավորում ունենք ՌԴ հետ, միացյալ ՀՕՊ համակարգ, և շատ հարցեր համակարգում ենք, սակայն, եթե խոսքը մեր բանակի զինանոցում առկա այս կամ այն զինատեսակը կիրառելու մասին է, ապա որոշումը կայացնելու է հայկական կողմը», -ասել է Տողանյանը:

«Այստեղ հարցը սպառազինության քանակն ու որակը չէ, այլ վարած քաղաքականությունը: Հարցն այն է թե մենք խաղաղության և հրադադարի պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերից բխող քաղաքականություն ենք վարում, թե հզորացնո՞ւմ ենք ռազմական ներուժն ու վարում ենք հարցը ռազմական ճանապարհով լուծելու քաղաքականություն», -ասել է դեսպանը:

Ըստ նրա, Ադրբեջանը ձգտում է խուսափել իր միջազգային պարտավորություններից, առաջին հերթին, կրակի համապարփակ դադարեցման վերաբերյալ, որը քիչ թե շատ պահպանվում էր վերջին տարիներին:

«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը զինվում է և համագործակցում այդ հարցում ՌԴ հետ: Տեսնում ենք նաև, որ Բաքուն այդ ոլորտում գործակցում է նաև Թուրքիայի և Իսրայելի հետ», -ասել է Տողանյանը:

Նա հիշեցրել է, որ 2016-ի ապրիլին Արցախում արյունալի քառօրյա պատերազմ եղավ, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, գյուղեր ոչնչացվեցին սահմանին:

«Դա ամբողջ տարվա ընթացքում էր կատարվում և ոչ միայն շփման գծում, այլ նաև ՀՀ հետ սահմանին՝ հյուսիս-արևմտյան հատվածներում, որոնք հեռու են Ղարաբաղի տարածքից», -ասել է դեսպանը:

«Սպառազինման գաղափարախոսությունը լավ բանի չի հանգեցնի: Ուստի մեր ստացած զենքը՝ «Իսկանդեր» համակարգերը ծառայում են բացառապես մեր քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Եվ ՀՀ նախագահը միանշանակ և բացահայտ հայտարարեց, որ եթե մեր սահմանների և մեր քաղաքացիների անվտանգությանը սպառնալիք առաջանա, ապա՝ այո, այդ զենքը կկիրառվի», -ասել է դեսպանը:

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ՀՀ սկզբունքային դիրքորոշումը բխում է նրանից, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ հակամարտության լուծումը պետք է քաղաքական լինի:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---