26 հոկտեմբերի 2007 - 14:32 AMT
Բանաձեւ Հայոց ցեղասպանության մասին. Թուրքիան հասավ իր նպատակին վերջին անգամ
Թուրքիան հասավ իր ցանկացածին, սակայն սա վերջին անգամն էր: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկության հետաձգումը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հրաժարվեց 106-րդ բանաձեւը քվեարկության դնելուց` Հյուսիսային Իրաքում պատերազմ չսկսելու Թուրքիայի խոստման փոխարեն: «Սակայն, ես կարծում եմ, որ 2008 թվականին Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում բանաձեւը միեւնույն է կդրվի քվեարկության եւ այն կանցնի: Թուրքիան այլեւս ռեսուրս չունի ԱՄՆ-ի վրա ճնշելու համար»,-ասել է Սաֆրաստյանը:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Աննա Էշոն նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, առաջակելով հետաձգել բանաձեւի քվեարկությունն` այն մտավախությամբ, որ այն հավանության չի արժանանա:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ընդունվեց Պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին: