Նախարար. Գոշում շինաշխատանքները կասեցված են մինչև ծրագրի մշակումն ու փորձաքննությունը

Նախարար. Գոշում շինաշխատանքները կասեցված են մինչև ծրագրի մշակումն ու փորձաքննությունը

PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում համաժողով-2017» միջոցառմանը, որի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում:

Համաժողովին ներկա են եղել մի խումբ բնապահպան-ակտիվիստներ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել նախորդ շաբաթ Գոշ լճում առանց թույլտվության իրականացված մաքրման աշխատանքների վերաբերյալ: Նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով բնապահպանների բարձրացրած հարցը քննարկվել է առանձին սրահում: Նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ պետական սեփականություն հանդիսացող լճի հարակից տարածքը կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 2015 թ, հունիսի 23-ին «Դիլիան» ազգային պարկի հետ կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

«Պայմանագրով պահանջ է դրված եղել, որ ցանկացած ծրագրի, մեծ գաղափարի իրականացումից առաջ պետք է իրականացվի էկոփորձաքննություն: Նաև մի շարք պահանջներ է դրված նրանց առաջ՝ շրջակա միջավայրի էկոհամակարգերն անվնաս պահելու համար: Քանի ծրագիր չի ներկայացվել, փորձաքննություն չի անցել, հանրային քննարկումներ չեն իրականացվել, այնտեղ որևէ աշխատանքչի կատարվի»,- ասել է Մինասյանը և հավելել.

««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրինության կողմից կասեցված է աշխատանքները, նաև ձեր քաղաքացիական ակտիվ դիրքորոշման շնորհիվ: Կասեցված է ցանկացած աշխատանք, մինչև չմշակվի ծրագիր, չանցնի մանրամասն փորձաքննություն, մինչև չանցնի հանրային լայն քննարկումների շրջափուլը, չլինի փորձաքննական դրական եզրակացություն»:

Բնապահպանության նախարարը կարևորել է էկոտուրիզմի զարգացումը որպես բնապահպանական խնդիրների լուծման միջոց և ընդհանրապես` Հանրապետության տնտեսական առաջընթացի խթան:

Համաժողովին քննարկվել է էկոտուրիզմի զարգացման շահագրգիռ կողմերի ցանցի ստեղծման գաղափարը: Ոլորտում մասնագիտացված կառույցները ներկայացրել են իրենց փորձը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության հիմնական սկզբունքները:

Ծավալված քննարկումների ժամանակ հնչել են տարբեր մոտեցումներ և առաջարկներ, անդրադարձ է եղել էկոտուրիզմի զրգացման քաղաքականության մշակման գործում հատուկ պահպանվող տարածքների նշանակությանը: Քննարկվել են նաև էկոտուրիզմի ներուժի մարքեթինգին և ոլորտի ֆինանսավորման հարցերին վերաբերող հարցեր:

Հետքն ապրիլի 11-ին տեղեկատվություն է հրապարակել, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ: Հայտնի է դարձել, որ «Վենդոռ» ընկերությունը «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցրել, հարթեցնում ու լայնացրել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը, լճից տիղմը հանել ու կուտակել ափի երկայնքով։ Հրապարակումն ուղեկցվում էր լուսանկարներով և տեսանյութով:

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը PanARMENIAN.Net ին ասաց. «Հրապարակված լուսանկարներից ու տեսանյութից ակնհայտորեն երևում է, որ դրանք պարզապես մաքրման աշխատանքներ չեն, հենց լճի տարածքում հողային աշխատանքներ են գնում, լճից տիղմը հանել են ափ, տարածքը փորում են: Իսկ «Դիլիջան» ազգային պարկի տարածք թրթուրավոր տեխնիկայի մուտքն օրենգով արգելված է: Պաշտոնական հարցում ենք ուղարկել բնապահպանության նախարարություն, սպասում ենք, որ տրամադրեն փաստաթղթեր, որոնց հիման վրա է այդ ամենը կատարվել»:

«Վենդոռ» ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Մելքոնյանը պարզաբանել էր. «Լճում հողի շերտի մակարդակը բարձրացել է։ Տեղ կա՝ ջուրը 20-25 սանտիմետր է մնացել, ու արդեն բուսականություն է աճում։ Ճահճացման պրոցես է սկսել։ Հիմա էքսկավատորով լճի հատակը խորացնում ենք, որպեսզի ջուրը չհասցնի տաքանալ, էդ պրոցեսը կանգնի»:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Վաղինակ Վասիլյանի կարծիքով՝ այս աշխատանքները բնությանը չեն վնասել։ Սակայն «Վենդոռ» ընկերությունը էքսկավատորը Գոշ լճի տարածք է տեղափոխել առանց «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությանը տեղյակ պահելու։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---