18 ապրիլի 2017 - 13:42 AMT
Փաշինյանը բարձրաձայնել է Երևանի անկազմակերպ ասֆալտապատման խնդիրը

Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին այցելել է Մաշտոցի պողոտա՝ բարձրաձայնելով ասֆալտապատման նպատակով կտրտած ասֆալտի խնդիրը, ինչի պատճառով պողոտան գրեթե անընդհատ խցանված է լինում։

«Համապատասխան ծառայությունները քանդել են ասֆալտը, և Երևանի Մաշտոցի պողոտան, կարելի է ասել՝ Հանրապետության թիվ մեկ պողոտան, արդեն որքան ժամանակ՝ 4-5 օր, այս վիճակում է: Ինչ-որ մարդկանց մտքով անցել է, որ կարելի է Մաշտոցի պողոտան քանդել և 4 օր պահել այդ վիճակում: Սա ինչի՞ համար է արվում, ուզում են ցույց տալ, որ Տարոն Մարգարյանը ասֆա՞լտ է անում: Այստեղի երթևեկությունն արդեն քանի օր է կաթվածահար է», - իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Սա ցույց է տալիս, որ Երևանում փաստացի քաղաքային իշխանություն չկա, կամ քաղաքային իշխանության խնդիրը ժողովրդի՝ առանց այդ էլ պրկված նյարդերի հետ խաղալն է: Սա ուղղակի անթույլատրելի վիճակ է»,-ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով. «Սիրուն չի, Տարոն ջան»:

Փաշինյանը վստահեցրել է, որ իր կողմից Երևան քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո այսպիսի երևույթները կբացառվեն. «Դեռ պետք է պարզաբանվի, թե ում մեղավորությունն է սա, որ մարդիկ արդեն մեկ շաբաթ ոչ միայն Մաշտոցի պողոտայում, այլ քաղաքի փոքր կենտրոնը բերել են անթույլատրելի վիճակի»:

Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ:«Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ելք» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ինը՝ Տարոն Մարգարյանը:

Կարդացեք նաև՝ «Երկիր ծիրանին» Երևանի ավագանու ընտրությունների իր կարգախոսը կներկայացնի ապրիլի 21-ին