Ֆիյոն. Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրավել ԼՂ-ն

Ֆիյոն. Ադրբեջանը 2016-ի ապրիլին փորձեց ուժով գրավել ԼՂ-ն

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի պատճառով է ստեղծվել, որը 1921 թվականին կամայականորեն անջատեց այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող և ֆավորիտ համարվող թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը Nouvelles d’Arménie լրատվական կայքին տված հարցազրույցում:

Ֆրանսիայի քաղաքական գործիչները միշտ կարևորել են 500.000-անոց հայ համայնքի աջակցությունը, հատկապես ընտրությունների շրջանում: Հայոց ցեղասպանության հարցն ու դրա հետ կապված բոլոր օրենքները միշտ ակտուալ են եղել նախընտրական շրջանում:

Նախագահի թեկնածուն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Հարցին, աջակցո՞ւմ եք Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչմանը, թեկնածուն պատասխանել է. «2016 թվականի ապրիլին, վեց օր շարունակ Հարավային Կովկասը կրկին բռնկվեց: Օգտվելով միջազգային հանրության անտարբերությունից, Ադրբեջանը փորձեց ուժով հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Այդ մահաբեր հարձակումը ավարտվեց փխրուն հրադադարով», հայտնում է Panorama.am-ը:

«Այսօր մեր ֆրանսահայ համաքաղաքացիներն անհանգիստ են, և ես նույնպես, որովհետև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը վառոդով տակառ է: Չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը Ստալինի պատճառով է, որը 1921 թվականին կամայականորեն անջատել է այն Հայաստանից հօգուտ Ադրբեջանի: Այժմ չկա այլ ընտրություն, քան ՄԱԿ-ի միջոցով գտնել խաղաղ և երկարատև լուծում»,-ասել է նա:

Ֆիյոնը օրինական է համարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ունենալու ֆրանսահայերի ցանկությունը, գրում է «Sputnik-Արմենիան»:

Ֆիյոնը նշել է, որ Ֆրանսիան առաջիններից էր, որ ընդունեց և քաղաքացիություն տվեց ցեղասպանությունից փրկված հայերին։ «Այսօր մեր երկրում բնակվում է 500.000 ֆրանսահայ։ Ֆրանսիայի և Հայաստանի կապերը միշտ ամուր են եղել։ 1909 թվականին Ֆրանսիայի նավատորմն օգնեց Կիլիկիայի հայերին փրկվել ցեղասպանությունից»,-ասել է նա։

«Կարևոր է չմոռանալ հազարավոր զոհերի մասին։ Այդ ցեղասպանությունը հանգեցրեց Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Փոքր Ասիայի տարածքում հայերի անհետացմանը։ 1,5 մլն մարդ կամ հայկական բնակչության երեք քառորդը ոչնչացվել էր»,- ասել է Ֆիյոնը։

Նա նաև ընդգծել է, որ հայերը Ֆրանսիայում հաստատվեցին և իրենց ներդրումն ունեցան պետության զարգացման հարցում։ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաև ողջունել է երկու երկրների գործակցությունը կրթության ոլորտում, մասնավորապես Երևանում Ֆրանսիական համալսարանի առկայությունը։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ է, իսկ Ֆրանսիան` խոշորագույն եվրոպական ներդրողը Հայաստանում։

Փետրվարին RFI-ը գրել էր, որ դեռ փրայմերիզից առաջ Հայոց ցեղասպանության հարցում խոստումներով աչքի ընկավ նախագահության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը: Համակրանք են առաջացրել նաև նրա աջակցության խոսքերը Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հասցեին:

Որոշ հայեր նաև հավանություն են տալիս Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշմանը ՌԴ հետ հարաբերությունների մերձեցման հարցում: Ընտրություններից մի քանի ամիս առաջ գլխավոր հարցն այն է, թե արդյոք նա չի հիասթափեցնի իր հայ կողմնակիցներին, գրել էր RFI-ը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---