29 հոկտեմբերի 2007 - 12:25 AMT
Իրանի նախագահն հավանություն է տալիս քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողությանը
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հավանություն է տալիս քուրդ գրոհայինների դեմ ռազմական գործողությանը Իրաքի հյուսիսում, սակայն ցանկանում է խաղաղ ճանապարհով կարգավորել խնդիրը: Այդ մասին հայտարարել է Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը: Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիկի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահը նշել է, որ պայքարը քուրդ ահաբեկիչների դեմ բխում է Իրաքի շահերից: Իր հերթին Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին համոզվածություն է հայտնել, որ Իրանն ու Թուրքիան կգտնեն խնդրի լուծումը, որը վնասում է Իրաքին, Իրանին եւ Թուրքիային: «Իրաքի նախագահը հուսով է, որ Մահմուդ Ահմադինեժադն ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, որը ներկայումս գտնվում է Թեհրանում, երկխոսության հնարավորություն կգտնեն, որն առավել գործուն կլինի, քան ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքների լեզուն»,-հայտարարել է Իրաքի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: