«Էլեկտրոնային առևտուրը ՀՀ-ում» պանելային քննարկում. Խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առանձնահատկությունները

«Էլեկտրոնային առևտուրը ՀՀ-ում» պանելային քննարկում. Խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առանձնահատկությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին Ամերիաբանկը կազմակերպել էրպանելային քննարկում` «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով: Ֆինանսական կազմակերպությունների և այլ ներգրավված կազմակերպությունների հետ քննարկվեցին Հայաստանում էլեկտրոնային առևտրի խնդիրներն ու առանձնահատկությունները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ էլեկտրոնային առևտուրը և դրա զարգացումն այսօր կարևոր առաջնահերթություն են: Նրա խոսքով, և աշխարհում, և Հայաստանում բավականին բարձր տեմպերով էլեկտրոնային առևտուրը զարգանում է:

«Յուքոմ» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը քննարկմանը նշեց. «Յուքոմն Ամերիաբանկի հետ առաջինը ներդրեց քարտով վճարումը դեռևս 2010-ին:

Յուքոմը խրախուսում է էլեկտրոնային վճարումները, ինչը, առաջին հերթին, օպերացիոն ծախսերի կրճատում է ենթադրում մեզ համար. ինչքան քիչ մարդ է այցելում գրասենյակներ, այնքան քիչ ծախսեր ենք ունենում: Այդ մասով, մեզ մոտ 20 տոկոս աճ կա նախորդ տարվա համեմատ:

Յուքոմի քաղաքականությունն է սմարթֆոնների տարածվածության խրախուսումը, ինտերնետի տարածումը, ինչը մեր անմիջական գործառույթներից մեկն է»:

Բարսեղյանի խոսքով, շատ մարդիկ դեռ խուսափում են էլեկտրոնային առևտրից, քանի որ վախենում են կայքի, բջջայինի միջոցով վճարում կատարել:

«Նաև, իմ կարծիքով, առցանց առևտրին խանգարող հանգամանքներից է այն, որ Հայաստանում դեռ խանութ գնալը մարդկանց, ընտանիքների համար որոշակի արարողություն է: Էլեկտրոնային առևտրի մշակույթը դեռ պետք է ներդրվի: Ցուցանիշները գնալով աճելու են», - հավելեց Բարսեղյանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանում էլեկտրոնային առևտրի որոշակի գործընթացները սահմանափակվում են Կենտրոնական բանկի կողմից:

«Ռեգուլյատորը՝ ԿԲ-ն, թուլյ չի տալիս զարգացնել մոբայլ առևտուրը: Բացի այդ, քանի դեռ ունենք ստվերային տնտեսություն, կունենաք առևտուր կանխիկով:

Եթե կենտրոնական բանկի հսկողությունը թուլացվի և թույլ տրվի բջջային օպերատորներին օգտագործել հաշվեհամարին եղած գումարը որպես կանխավճար, էլեկտրոնային առևտուրը կզարգանա: Օրինակ՝ ՌԴ-ում յուրաքանչյուր մարդ կարող է խնդրել բջջայինի վրա եղած գումարը հետ ուղղարկել բանկային հաշվեհամարին, բանկային համակարգով այդ ամենը կվերահսկվի: Եթե թույլ տալ հեռախոսի հաշվի մնացորդներն օգտագործել որպես վճարման միջոց, բանկային ոլորտը միանգամիցկմեծանա, էլեկտրոնային կոմերցիայի հնարավորությունները կաճեն», - ասաց Կարապետյանը:

«Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ տնօրեն Արամ Մխիթարյանն իր հերթին նշեց. «Ծրագրային առումով, մի քանի տարվա ընթացքում բավականին լուրջ առաջընթաց է եղել: Նախկինում վճարային համակարգն ուներ տեխնիկական խնդիրներ, և շատերն ուղղակի չէին միանում դրան, քանի որ խնդիրները լուծված չէին, նաև օպերացիոն ծախսերը մեծ էին: Վերջին տարիներին, կարծես, հիմնական խնդիրները լուծվել են: Վերջին 1-2 տարին ամեն երկրորդ նախագիծն այսպես կամ այնպես կապված է էլեկտրոնային առևտրի հետ»:

Մխիթարյանը նաև նշեց, որ Հայաստանում փոստային ծառայության զարգացումը կավելացնի նաև էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը, քանի որ շատերը կցանկանան օգտվել առաքումից:

«Մենյու Գրուփ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանն իր հերթին ասաց, որ ոլորտում երկու հիմնական խնդիր է տեսնում.

«Առաջինը վճարային քարտերի տարածվածությունն է: Օրինակ, Բելառուսում 18 տարին լրացած բոլոր մարդիկ պարտադիր կրեդիտ քարտ ունեն, ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակ: Այնտեղ հասարակ կրպակը քարտով է աշխատում, դա ընդունված է նաև Վրաստանում: Երկրորդ կարևոր խնդիրն ինտերնետային և մոբայլ կապն է. Հայաստանը զիջում է Վրաստանին և Բելառուսին, Երևանից դուրս 3G, 4G ցանց համարյա չկա, նույնիսկ Երաևանում այդ կապը հաճախ կորում է»:

«ՋԻՋԻ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Թովմասյանն ասաց. «Դեկտեմբերի սկզբից աշխատում ենք Ամերիայի հետ, ունենք բավականին լավ ցուցանիշներ: Վերջին ամսվա կտրվածքով օնլայն վճարումները 50 տոկոսով աճել են: Փորձում ենք ամեն ինչ անել հաճախորդներին անկանխիկ դաշտբերելու համար, որովհետև գաղտնիք չէ՝ մեր մատուցած ծառայության մեջ մանրադրամի խնդիրը միշտ լինում է»:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը նշեց, որ էլեկտրոնային առևտրի զարգացման խնդիրները Հայաստանում կապված են նաև մարդկանց մտածողության հետ:

«Հիմնական պատճառներից է մենթալիտետը, ինֆրաստրուկտուրան, որը դեռ զարգացման կարիք ունի, նաև ռեգուլյատորի սահմանափակումները:

Բանկային տեխնոլոգիաների մասով վաղուց ներդրել ենք անվտանգության համապատասխան մեխանիզմներ, ապահովում ենք օնլայն գործարքների բացարձակ անվտանգություն՝ եռամակարդակ պաշտպանվածության համակարգի միջոցով: Աստիճանաբար աճում է վստահող հաճախորդների թիվը»,- նշեց նա:

Ըստ մասնագետի՝ ինտերնետ միջավայրը բազմաթիվ առավելություններ է տալիս, և հետևելով հաճախորդի վարքագծին՝ հնարավոր է առաջարկել հենց այն, ինչ նա ուզում է:

«Կա նաև հարմարավետության ֆակտորը: Հայաստանը դեռ շատ մեծ պոտենցիալ ունի, «միլենիալների» սերունդը, որը ծնվել է բջջային հեռախոսը դեռքին, աստիճանաբար դառնում է բանկային ծառայություններից օգտվող սերունդ, և, կարծում եմ, շուկայում պետք էլինենք ժամանակակից, և կարողանանք վաղվա պահանջարկի համար այսօր բոլոր նախադրյալները ստեղծել», - ասաց Մովսիսյանը:

Միաժամանակ, նա նշեց, որ բանկի դերն այստեղ կարևոր է, քանի որ հիմնական վճարային միջոցը մնալու է բանկային քարտը և բանկային հաշիվը, էլեկտրոնային առևտրիհիմնական գործիքըդա է լինելու:

Ամփոփելով քննարկումը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ ոլորտի զարգացմանը խոչընդոտող երեք հիմանական խնդիր կա. ինտերնետ կապի որակը, բանկային ծառայությունների, քարտերի տարածումը, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները:

Նա նշեց, որ մեծ դերակատարում ունի նաև բնակչության կենսամակարդակը, միջին խավի գոյությունը, ՀՆԱ-ի համաչափ բաշխվածությունը:

Աշխարհում բնակչության 58%-ն օգտվում է ինտերնետ կապից՝ 3.7 մլրդ մարդ: Ավելի քան 1 մլրդ 400 մլն մարդ ինտերնետից գնումներ է կատարում: Մեկ մարդու կողմից էլեկտրոնային առեւտրի վրա ծախսվող տարեկան միջին գումարը կազմում է ավելի քան $1500: Աշխարհում մանրածախ առեւտրի 7%-ն ինտերնետով է կատարվում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից հաճախորդների շրջանում իրականացված հարցման համաձայն, մարզերում հաճախորդների 18%-ը վերջին մեկ տարվա ընթացքում օնլայն գնում է կատարել: Երեւանում այդ ցուցանիշը կազմել է 21%: Ամենաակտիվ տարիքային խումբը կազմել են 25-34 տարեկանները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---