Բարսեղյան. ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան

Բարսեղյան. ՀՀ-ում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանում էլեկտրոնային առևտրի գործարքների անվտանգության մասով խնդիրներ չկան: Այս մասին ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով Ամերիաբանկի կազմակերպած պանելային քննարկմանը:

«Իհարկե, մենք շատ հարցերում տեսակարար կշռով գուցե զիջում ենք ավելի զարգացած երկրների տնտեսություններին, օրինակ, էլեկտրոնային առևտրի ծավալով, բայց անվտանգության առումով իրավիճակն այդպիսին չէ:

ԱՄՆ հսկայական տնտեսությունում վճարային քարտերի մեծ մասը դեռևս մագնիսական են, չիպով քարտեր չեն, պաշտպանվածության եռաստիճան 3-D Secure համակարգը շատ անգամ ներդրված չէ», - ասաց Բարսեղյանը՝ պատասխանելով էլեկտրոնային առևտրի ռիսկայնության և բնակչության շրջանում տեղեկացվածության պակասի մասին PanARMENAIN.Net-ի հարցին:

Նա հավելեց, որ Հայաստանում անվտանգության մասով խնդիր չկա, այլ հիմնականում մարդկանց տեղեկացվածության մեջ է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության անդամ, տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանն իր հերթին նշեց՝ համակարծիք է, որ էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում խոչընդոտում է ոչ այնքան վստահության պակասը, որքան տեղեկատվության:

«Այս խնդիրը լուծելու նպատակով Ամերիաբանկն իրականացնում է որոշակի ծրագեր: Համացանցում ունենք տեսանյութեր, որոնք գովազդում են բանկի տարբեր օնլայն ծառայությունները, յուրաքանչյուր նոր հավելվածի, ծրագրի մեկնարկին իրականացվում են տարատեսակ PR, տեղեկատվական միջոցառումներ, նկարահանվում են շատ մատչելի տեսանյութեր, որոնք օգնելու են հաճախորդին, բայց, այուամենայնիվ, տեղեկացվածության պակասը դեռ կա», - ասաց Մովսիսյանը:

Ինչ վերաբերում է վստահությանը, նա կարծիք հայտնեց, որ առաջին անգամ օգտվելով ծառայությունից, հասկանալով, թե ինչքանով մատչելի ու հարմարավետ է այն, հաճախորդը երկրորդ, երրորդ անգամ այդ գործարքը շատ ավելի հեշտ կկատարի:

«Մուտք գործելով ցանկացած կայք և մուտքագրելով քարտի տվյալները, այսօր պետք է համոզված լինել, որ այդ տվյալները որևէ տեղ չեն պահվում, կայքը չի հիշում դրանք, այդ ամենը կատարվում է պրոցեսինգային կենտրոնում, որը սերտիֆիկացված է միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, իսկ վճարային գործընկերը հանդիսանում է բանկը:

Ցանկացած օնլայն գործարք կատարելուց առաջ բջջային հեռախոսահամարի իդենտիֆիկացում է լինում բանկի տվյալների բազայի հետ, այնուհետև այդ հեռախոսի վրա ուղարկվում է միանգամյա կոդ, որի միջոցով կարող ես կատարել միայն այդ մեկ գործարքը:

Անվտանգության առումով յուրաքանչյուր գործարքից վստահությունն էլ ավելի է բարձրանում», - ասաց Մովսիսյանը:

Աշխարհում բնակչության 58%-ն օգտվում է ինտերնետ կապից՝ 3.7 մլրդ մարդ: Ավելի քան 1 մլրդ 400 մլն մարդ ինտերնետից գնումներ է կատարում: Մեկ մարդու կողմից էլեկտրոնային առեւտրի վրա ծախսվող տարեկան միջին գումարը կազմում է ավելի քան $1500: Աշխարհում մանրածախ առեւտրի 7%-ն ինտերնետով է կատարվում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից հաճախորդների շրջանում իրականացված հարցման համաձայն, մարզերում հաճախորդների 18%-ը վերջին մեկ տարվա ընթացքում օնլայն գնում է կատարել: Երեւանում այդ ցուցանիշը կազմել է 21%: Ամենաակտիվ տարիքային խումբը կազմել են 25-34 տարեկանները:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---