«Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունի գործով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

«Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունի գործով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Գերմանիայում «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյունի գործով ՌԴ քաղաքացի է ձերբակալվել: Այդ մասին ապրիլի 21-ին հայտնել է Spiegel Online-ն իրավապահների վրա հղումով:

Նշվում է, որ ենթադրյալ ահաբեկիչ 28-ամյա Սերգեյ Վ-ն, որը ՌԴ և Գերմանիայի քաղաքացի է, բնակվում էր Տյուբինգենից ոչ հեռու: Ըստ քննության տվյալների, նա ծայրահեղական չէ, այլ գործել է զուտ շահադիտական նպատակներով:

Կասկածյալն արդեն մոտ մեկ շաբաթ իրավապահ մարմինների տեսադաշտում էր:

Ենթադրվում է, որ նրա նպատակն է եղել «Բորուսիայի» բաժնետոմսերի տապալումը, որի շնորհիվ նա ուզում էր գումար վաստակել բորսայում: Կասկածյալը սպառողական վարկ ուներ և ապրիլի 11-ին ձեռք էր բերել 15.000 օպցիոն հավաստագիր, որի ժամկետը սպառվում էր 2017-ի հունիսի 17-ին՝ 78.000 եվրո ընդհանուր գումարով, որն անհրաժեշտ էր արժեթղթեր գնելու և իրացնելու համար: Առևտրային գործողությունն իրականացվել է համացանցով L`Arrivée հյուրանոցի IP հասցեով, որտեղ խաղից առաջ իջևանել էր Դորտմունդի թիմը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ըստ քննության, մեղադրյալը կապեր չի ունեցել ԻՊ հետ, սակայն ցանկացել է կեղծ հետքով ուղղորդել իրավապահներին:

Պայթյունները գերմանական «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսի մոտ տեղի են ունեցել ապրիլի 11-ի երեկոյան՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» հետ խաղից առաջ: 3 պայթուցիկ սարք է գործի դրվել: Իրավապահները հայտարարել են ֆուտբոլիստների դեմ ուղղված թիրախային գրոհի մասին: Խաղը հետաձգվել է մինչև ապրիլի 12-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---