// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սակագները նվազեցնելու համար Էներգետիկայի շուկան կազատականացվի

Սակագները նվազեցնելու համար Էներգետիկայի շուկան կազատականացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը մինչև մայիսի 31-ը կներկայացվի կառավարության հաստատմանը։

Ծրագիրը մշակվել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և միջպետական առևտրի խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փորձագետների հետ համատեղ:

Ծրագրով նախատեսվում է էներգետիկ շուկայի աստիճանաբար ազատականացում, որը պետք է իրականացվի առաջիկա 3-4 տարվա ընթացքում։ Դրանով շուկայի մի մոդելից անցում է կատարվելու մեկ այլ մոդելի, որտեղ ներմուծվելու են ազատականացման տարրեր։ Ակնկալվում է, որ այն նպաստավոր ազդեցություն կունենա ինչպես շուկայի մասնակիցների ծախսերի կրճատման, այնպես էլ սակագների ձևավորման վրա։

Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանի, Հայաստանում նոր էլեկտրաէներգետիկական շուկա ձևավորելու նախաձեռնությունը պայմանավորված է ներքին շուկայի պահանջներով, դրա կատարելագործման, ինչպես նաև Վրաստանի հետ առևտրի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով, միջսահմանային առևտուրն ընձեռում է փոխշահավետ հնարավորություններ և նպաստում է ներքին շուկայի արդյունավետության բարելավմանը:

Հայկ Բադալյանի տեղեկացմամբ, միաժամանակ աշխատանքներ են տարվում նաև էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և այլ պետական մարմինների գործառույթների հստակեցման նպատակով «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ուղղությամբ:

Ինչպես շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցը, այնպես էլ դրանից բխող «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է շուկայի մասնակիցների հետ:

Փաստաթղթերը ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններին:

«Ստացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփումից հետո, վերջնական տարբերակը մինչև հաջորդ ամսվա վերջ կներկայացվի կառավարության հաստատմանը »,- նշել է Բադալյանը, հայտնում է նախարարության մամուլի խառայությունը։

2017-ի առաջին եռամսյակում ակտիվացել է էլեկտրաէներգիայի արտահանումը հարևան Վրաստան։ Առաջին եռամսյակում վրացական շուկա է առաքվել 75.8 մլն կՎտժ էլեկտրաէներգիա։ էներգետիկ ենթակառուցվաքների և բնական պաշարների նախարարությունը տեղեկացրել է, որ դրան նպաստել է 2017-ի փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի և «Գլոբալ Ինթերնեշիոնալ Էներջի» կորպորացիայի միջև ստորագրված՝ Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագիր, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման և սպառման ռեժիմները։

Ընթերցեք նաև.Էլէներգիայի առաքումը Վրաստան ակտիվացել է

 Ուշագրավ
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 114.2 մլրդ դրամ, անկումը՝ 2.9%
նախատեսվում է լուծարել հարկային (տարածքային) տեսչությունները` վերջիններիս փոխարեն ստեղծելով թվով 3 վարչություն
Արտոնություն ստանալու համար ներկայացված սարքավորումների և հումքի արժեքը կազմում է 170.000.000 դրամ
Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն