Գործադիրը պատրաստվում է 600 մլրդ դրամի նոր պարտատոմսեր թողարկել

Գործադիրը պատրաստվում է 600 մլրդ դրամի նոր պարտատոմսեր թողարկել

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Ֆինանսների նախարարությունը թողարկելու է 600 միլիարդ դրամի նոր պարտատոմսեր: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության համաձայն, նոր ներքին պարտքն իշխանությունները նախատեսում են վերցնել երեք չափաբաժնով՝ յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի պարտատոսմեր են:

Առաջին մասը ՀՀ-ն պետք է մարի 2020 թվականին և հավելյալ վճարի 8 տոկոս, երկրորդը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, իսկ երրորդ չափաբաժինը մարվելու է 2037 թվականին՝ 12.5 տոկոս հավելավճարով:

Այս առթիվ Ֆինանսների նախարարության պետական պարտքի վարչության պետ Արշալույս Մարգարյանը հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին Կառավարությունն, այնուամենայնիվ, ավելի շատ գումար կներգրավի․ «Ես հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը միայն 600 միլիարդ չի վերցնելու: Ինքը, հավանաբար, տեսանելի ապագայում անընդհատ էլ պարտք ներգրավելու է ներքին շուկայից»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին:

Միևնույն ժամանակ Մարգարյանն ընդգծել է՝ ճի՛շտ է, Կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 600 միլիարդ դրամի պարտատոմս վաճառել, սակայն չի պատրաստվում գնալ նման քայլի, իսկ վաճառքի համար նախատեսված պարտատոմսերը գնորդներին առաջարկելու է առաջիկա 4 տարվա ընթացքում․ «Մենք այդ 600 միլիարդ դրամը չենք նախապատրաստվում տեղաբաշխել շուկայում: Դա ուղղակի հայտարարություն է, այսպես ասած, մեր ծավալները չսահմանափակելու վերաբերյալ»:

2016 թվականի դեկտեմբերի վերջին ՀՀ պետական պարտքը կազմել է մոտ 5.9 մլրդ ԱՄՆ դոլար՝ ներառյալ Կենտրոնական բանկի պարտքը, որը կազմում է մոտ 503 մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---