«Խոստումի» սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանի ու Վերոնիկա Սթալդերի կատարմամբ (վիդեո)

«Խոստումի» սաունդթրեքը՝ Սերժ Թանկյանի ու Վերոնիկա Սթալդերի կատարմամբ

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ երաժիշտ, SOAD մենակատար Սերժ Թանկյանը, Authentic Light նվագախումբը և շվեյցարացի երաժիշտ, երգահան Վերոնիկա Սթալդերը ներկայացրել են Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքը:

Երաժիշտ և ակտիվիստ Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտական մասի խորհրդատուն է, նա աջակցել է ֆիլմի սաունդթրեքի համար հայկական ժողովրդական երգի` «Սարի սիրուն յարի» ժամանակակից ներկայացմանը:

«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին:

Հայ մեծանուն բարերար Քըրք Քըրքորյանի Survival Pictures ընկերության կողմից ստեղծված «Խոստումը» ֆիլմը բեմադրել է «Հոթել Ռուանդա» ֆիլմի պրոդյուսեր, օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը:

Ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Ռայան Գոսլինգը, Ջեյսոն Բեյթմանը, Օրլանդո Բլումը, Ջորջ Քլունին, Շերը, Ալեքսիս Օհանյանը, Նինա Դոբրևը, Քիմ Քարդաշյանը, Յուրա Մովսիսյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---