Էրդողանը կրկին ցավակցել է «զոհված օսմանցի հայերի ժառանգներին»

Էրդողանը կրկին ցավակցել է «զոհված օսմանցի հայերի ժառանգներին»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Թուրքիայի հայ համայնքին։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը։

Ողջյուն հղելով Աթեշյանին և Թուրքիայի հայ քաղաքացիներին՝ Էրդողանը նշել է․ «Այս տարի ևս հարգանքով հիշում ենք 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում կյանքը զոհած օսմանցի հայերին և ցավակցում նրանց ժառանգներին»։

Էրդողանը նշել է, որ հայերը և թուրքերը, որպես տարածաշրջանի 2 հին ժողովուրդներ, 1000 տարի ապրել են կողք կողքի և ուս ուսի՝ կիսելով նույն պատմությունն ու մշակույթը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայի զարգացման գործում հայերի ունեցած ավանդին․«Հայ համայնքը, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ Թուրքիայի Հանրապետության գրեթե 100-ամյա պատմության ընթացքում արժանի զավակներ դաստիարակելով, մեծ ներդրում է ունեցել մեր երկրի զարգացման գործում։

Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում հայերը, որպես մեր երկրի հավասար և ազատ քաղաքացիներ, սոցիալական, քաղաքական և առևտրատնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կարևոր դերակատարում ունեն»։

Էրդողանի խոսքով՝ իրենց նպատակն է, որ դարեր շարունակ միմյանց հետ ուրախություն և տխրություն կիսած երկու ժողովուրդները դարման անեն իրենց անցյալի վերքերին և ավելի ուժեղացնեն մարդասիրական կապերը։

Ըստ էրդողանի՝ այդ ուղղությամբ վերջին 14 տարվա ընթացքում մի շարք քայլեր են արվել և իրականացվել պատմական կարևորության բարեփոխումներ։

Էրդողանը փորձել է վստահեցնել, որ օսմանցի հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելուն միտված աշխատանքները շարունակվելու են ապագայում ևս։

«Մեր երկրում հայ համայնքի խաղաղությունը, անվտանգությունը և երջանկությունը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Մենք չենք հանդուրժի մեր հայ քաղաքացիներից որևէ մեկի օտարացումը, մեկուսացումը կամ խորթ քաղաքացու լինելու զգացողությունը։ Ցանկանում եմ, որ Թուրքիայի հայոց պատրիարքի ընտրությունները կարճ ժամանակում ավարտին հասցվեն: Ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր աշխատանքներում։

Եվ ահա կրկին հիշում եմ 20-րդ դարասկզբին իրենց կյանքը զոհած օսմանցի հայերին։ Ալլահին խնդրում եմ, որ խաղաղություն պարգևի 1-ին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած միլիոնավոր օսմանյան քաղաքացիների հոգիներին»։

Մինչդեռ Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին:

2014-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։

Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Էրդողանը ձևակերպել քր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---