Բռնության 3 և ճնշման 18 դեպք լրագրողների նկատմամբ՝ քարոզարշավի ընթացքում

Բռնության 3  և ճնշման 18 դեպք  լրագրողների նկատմամբ՝ քարոզարշավի ընթացքում

PanARMENIAN.Net - ԱԺ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ընթացքում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ 3 ֆիզիկական բռնության և 18 ճնշման դեպքեր են տեղի ունեցել, իսկ ընդհանուր եռամսյակային տվյալներով՝ արձանագրվել է տարատեսակ ճնշումների 32 փաստ և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 5 խախտում:

Այս տվյալներն է ներկայացնում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2017թ. առաջին եռամսյակային զեկույցը:

2017 թվականի առաջին եռամսյակը հայաստանյան լրատվամիջոցների համար լարված ժամանակահատված էր՝ պայմանավորված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավով և ծավալված քաղաքական պայքարով։

Դիտարկվող ժամանակահատվածն աչքի է ընկել նաև ընդդեմ ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների դատական նոր գործերի առատությամբ։ Վարույթ են ընդունվել 19 նոր դատական գործ, որոնցից 15-ն ընդդեմ Sut.am լրատվական կայքի հիմնադիր՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և նրա համակարգող Դանիել Իոաննիսյանի են, և բոլորը վերաբերում են այդ կայքի մարտի 24-ի աղմկահարույց հրապարակմանը, որում բացահայտվում է նախընտրական շրջանում 30 դպրոցի և մանկապարտեզի տնօրենների՝ վարչական ռեսուրսի գործածմամբ ձայների հավաքագրումը՝ հօգուտ ՀՀԿ-ի։

կոմիտեն նշում է, որ ընտրապայքարը լուսաբանելու համար անբարենպաստ քաղաքական մթնոլորտի մասին են վկայում այն փաստերը, երբ քարոզարշավին մասնակցող կուսակցական և պետական հայտնի գործիչները, լսելով իրենց համար ոչ հաճո հարցեր, ոչ միայն վրդովվել ու արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել լրագրողների նկատմամբ, այլև փորձել են «դասեր» տալ նրանց։ Ընդ որում՝ իգական սեռի լրագրողների հետ «զրույցներում» հաճախակի է դարձել «աղջիկ ջան…» դիմելաձևը։

Հունվար-մարտ ամիսներին ԽԱՊԿ-ը շարունակել է դիտարկել լրագրողների և օպերատորների նկատմամբ լայնածավալ բռնություններով և մասնագիտական գործունեության խոչընդոտումներով զուգորդված՝ 2015թ. հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում (#ElectricYerevan) և 2016թ. հուլիսի երկրորդ կեսին մայրաքաղաքի Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերը և արձանագրել է, որ դրանցում նկատելի առաջընթաց չի եղել. նոր մեղադրյալներ կամ նույնիսկ կասկածյալներ չկան։

Մինչդեռ, միջազգային ատյանները՝ Եվրոպական դատարանը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն գրանցել #ElectricYerevan-ի գործով տուժող ճանաչված երեք լրագրողների գանգատները՝ հիմնավոր համարելով նախաքննության անարդյունավետության վերաբերյալ նրանց փաստարկները։ Սա իրավապաշտպանության ոլորտի համար չափազանց կարևոր նախադեպ է։

ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրության ևս մեկ փոփոխություն լուրջ մտահոգության տեղիք է տվել 2017-ի հունվարի 9-ից ուժը կորցրած է ճանաչվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ անձնական տվյալներ մշակելը չի ենթարկվում սահմանափակումների, եթե դա իրականացվում է բացառապես լրագրության, գրական և գեղարվեստական նպատակներով։ Նշված օրենքի փոփոխությամբ այդ սահմանափակումներն արդեն տարածվում են նաև ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա։

2017թ. առաջին եռամսյակում չլուծված է մնացել ՀՀ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերությունների խնդիրը, որոնք այս ոլորտում իրականացվող անհեռատես քաղաքականության պատճառով թվային դարաշրջանում շարունակում են գործել անալոգային ռեժիմով և հայտնվել են ծայրահեղ բարդ իրավիճակում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---