Վարչապետ. Հնդկաստանի հետ պետք է թիրախավորել 2 ոլորտ՝ տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն

Վարչապետ. Հնդկաստանի հետ պետք է թիրախավորել 2 ոլորտ՝ տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն

PanARMENIAN.Net - Հնդկաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում և գյուղատնտեսություն: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը:

Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Կարեն Կարապետյանը կարևորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը և շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ:

«Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ հետ GSP+ առևտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ»,- մասնավորապես, նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է: Այդ առումով, վարչապետը կարևորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման և մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը: Հեռանկարային է համարվել նաև սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Համիդ Անսարին ընդգծել է երկու պետությունների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները: «Հնդկաստանն ունի կարողություններ և պատրաստ է դրանք կիսել Հայաստանի հետ, թե ճարտարագիտության, թե մեքենաշինության, թե տեղեկատվական տեխնոլոգիաների, թե առողջապահության, այդ թվում՝ դեղագործության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում»,- ընդգծել է Հնդկաստանի փոխնախագահը:

Անասարիի խոսքով, այսօր Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն և Հնդկաստանը կարևորում է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցությունը: Հնդկաստանի փոխնախագահը գրավիչ է համարել նաև մեր երկրի ազատ տնտեսական գոտիներում հնդկական կապիտալը ներգրավելու առաջարկությունը և նշել, որ այն կփոխանցեն հնդիկ գործարարներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ուղիղ օդային կապի հաստատման հնարավորությանը, ինչն առևտրատնտեսական համագործակցության ու զբոսաշրջության զարգացման լավ միջոց կարող է լինել, վիզային ռեժիմի դյուրացմանը, հայ-հնդկական բիզնես ֆորումի անցկացմանը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցերի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---