IDeA հիմնադրամը մոտ $1.3 մլրդ-ի ներդրում կներգրավի Հայաստանի համար՝ 15 տարում

IDeA հիմնադրամը մոտ $1.3 մլրդ-ի ներդրում կներգրավի Հայաստանի համար՝ 15 տարում

PanARMENIAN.Net - IDeA հիմնադրամը մոտ $1.3 մլրդ-ի ներդրում կներգրավի Հայաստանի համար՝ 15 տարում: Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ներկայացուցիչներին՝ IDeA-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ:

Վարդանյանի խոսքով՝ 2007 թ․-ից մինչ օրս IDeA հիմնադրամը գործընկերների, դոնորների հետ միասին Հայաստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար արդեն ներդրել է ավելի քան 550 միլիոն ԱՄՆ դոլար և նախատեսում է առաջիկա 15 տարում մոտ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ ներգրավել, որոնք լուրջ դրական ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։

IDeA-ի հիմնադիրը ներկայացրել է Հայաստանի զարգացման նոր նախագծերի առաջարկությունների փաթեթ, որը ներառում է ինչպես արդեն գործող ծրագրերի շարունակականություն, այնպես էլ նոր ուղղություններ: Նշելով, որ Հայաստանի առաջընթացի համար IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի համար որպես հարթակ ծառայող զարգացման 10 ուղղություն՝ Վարդանյանը մանրամասներ է ներկայացրել տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, առողջապահության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության, ենթակառուցվածքների զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և ֆինանսաբանկային համակարգի հզորացմանը, ինչպես նաև Արցախի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Կարապետյանը ողջունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գործունեությունը՝ այն գնահատելով արդյունավետ և կարևոր երկրի առաջընթացի ու ապագայի համար:

Անդրադառնալով ներկայացված նախաձեռնություններին՝ կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին ակտիվ աշխատել IDeA հիմնադրամի հետ ըստ ոլորտների մշակված կոնկրետ ծրագրերով: «Ներկայացված բոլոր ծրագրերով պետք է արձագանքել՝ ո՞րն է առարկայական, որպեսզի նախաձեռնող խումբը մեզնից հստակ տեղեկատվություն ստանա հետագա քայլերի վերաբերյալ: Մենք այս հարթակն օգտագործում ենք՝ ծրագրերը համատեղ քննարկելու և ընդհանուր մոտեցմամբ առաջ շարժվելու համար», - ասել է վարչապետ Կարապետյանը:

Հայաստանի առաջընթացի համար հստակ ռազմավարական գերակայություններ և համընդհանուր հեռանկար ունենալով՝ IDeA-ն ստեղծել է իր ծրագրերի ու նախագծերի համար որպես հարթակ ծառայող 10 զարգացման մոդել: Յուրաքանչյուր մոդելի հիմքում ընկած է խարսխային նախագիծ, որը ենթադրում է նշանակալից ներդրումներ և նախատեսում է Հայաստանի վրա կայուն երկարաժամկետ ազդեցության լուրջ առաջընթաց:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---