Վերնիսաժում առևտրային գործունեության վերահսկողությունը կխստացվի

Վերնիսաժում առևտրային գործունեության վերահսկողությունը կխստացվի

PanARMENIAN.Net - Սահմանված ժամանակացույցով ավարտին է մոտենում Վերնիսաժի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: Վերջինի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հետևողական վերահսկողություն սահմանել մասնավորապես Վերնիսաժի տարածքում առևտրային գործունեության կանոնակարգման նկատմամբ:

«Տարածքի վարձակալի առջև հստակ դրեք պահանջը՝ հետևելու առևտրի կազմակերպման սահմանված կարգին: Նաև նախազգուշացրեք, որ սահմանված կարգը խախտելու համար պատասխանատվության կենթարկվի վարձակալը, այլ ոչ թե տարածքում առևտուր իրականացնողները: Խստորեն հետևեք, որ Վերնիսաժում պահպանվեն Երևանի ավագանու որոշմամբ հաստատված առևտրի կազմակերպման պահանջները», - ընդգծել է Մարգարյանը ավագանու նիստում:

Երևանի Գլխավոր պողոտայի Վերնիսաժի տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների առաջին փուլը հիմնականում ավարտված է:

Ներդրումային այս ծրագրի նպատակը՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Վերնիսաժի հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մոտ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, Վերնիսաժում հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:

2016-ի սեպտեմբերի որոշմամբ սահմանվել են Վերնիսաժի ոչ միայն ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում վաճառքի թույլատրվող ապրանքների խմբերն ու տեսակները, այլև այն տեսականին, որի վաճառքն արգելվում է տվյալ տարածքում: Համաձայն ավագանու որոշման` վերոնշյալ տարածքում այսուհետ կվաճառվեն միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք և այլ ապրանքներ հետևյալ տեսականիով՝ փայտից քանդակներ, օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն և առարկաներ, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո և վիդեո արտադրանք:

Նույն որոշումով նաև սահմանվում է, որ ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում արգելվում է վաճառել գյուղատնտեսական և պարենային մթերքներ, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, ծխախոտային արտադրանք, համակարգչային, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում՝ հնամաշ, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնամենի մշակույթ, ինչպես նաև այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---