Ֆորում. Ծրագրային ցանցահենությունը Հայաստանում 86% է կազմում

Ֆորում. Ծրագրային ցանցահենությունը Հայաստանում 86% է կազմում

PanARMENIAN.Net - Երևանում 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում մոտ 3000 IP հասցե է ենթարկվել վիրուսային հարձակման: Այս մասին Երևանում ապրիլի 26-ին Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում անցկացվող համանուն ֆորումի ժամանակ ասել է Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթը:

Նա նշել է, որ շատ կարևոր է մտավոր սեփականությունը պաշտապնելու համար կազմել կոալիցա, այլ ոչ թե գործել անհատապես, քանի որ աշխարհում հիմա ամեն բան թվայնացված է և խիստ պաշտպանության կարիքն ունի:

«Թվայնացված աշխարհում գլխավոր մարտահրավերը կիբերանվտանգության հարցն է: Ամեն բանն է թվային՝ առևտուրը, բանկային ծառայությունները, աշխատաշուկան, կրթությունը, առողջապահությունը և այլն: Տարեկան կիբերհանցագործության հետևանքով զոհերի թիվը կազմում է մոտ 600 մլն մարդ», - նշել է Լոռան Սիգնորեթը, գրում է Aysor.am-ը:

Նրա խոսքով՝ Մայքրոսոֆթը հետևում է ծրագրային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են համակարգը պաշտպանելու համար և ուղարկում է անհրաժեշտ թարմացումներ, նաև, ընդգծեց, որ կարողանում է պարզել այն IP-ների հասցեները, որոնք ենթարկվել են վիրուսային հարձակման:

Բացի այդ, շատ կարևոր է գիտակցել ծրագրային ապահովման կարևորության մասին և վերածել այն արժեքի, որը պետք է պաշտպանել: Նրա տեղեկացմամբ՝ ծրագրային ցանցահենությունը Հայաստանում կազմում է 86%, որն անհանգստության տեղիք է տալիս:

Լոռան Սիգնորեթը իր խոսքն ավարտել է այն մտքով, որ մտավոր սեփականության ամենալավ պաշտպանության պրակտիկան ցույց է տվել, որ մարդ երկու բանի կարիքն ունի՝ կրթության և այդ գիտելիքների կիրառության, այսինքն՝ պետք է բոլորին պարբերաբար տեղեկացնել, սովորեցնել, թե ինչպես պաշտպանվել հաքերային հարձակումներից:

«Այս տարվա թեման նորարարությունն է: Այն մեր կյանքը դարձնում է ավելի առողջ, պարզ և հարմարավետ: Ուստի Մտավոր սեփականության հզոր պաշտպանությունը նորարարության և նոր աշխատատեղերի ստեղծման համար հիմք է հանդիսանում», - իր հերթին նշել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:

Ֆորումին ներկա ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանն էլ նշել է, որ, մտավոր սեփականության պաշտպանության առումով, ՀՀ-ի օրենսդրական դաշտը լիարժեք է և արժանացել է ԵՄ փորձագետների հավանությանը, քանի որ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Սակայն ավելացրեց, որ, չնայած օրենքին, խախտումների քանակը շատ է, քանի որ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները միշտ չէ, որ գործակցում են իրավապահների հետ՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում:

«Մտավոր սեփականության իրավունքներն» այն իրավական մեխանիզմն են, որը հեղինակային իրավունքի, պատենտավորման ու ապրանքանիշերի միջոցով երաշխավորում է մեր գնած ապրանքների իսկությունն ու այն, որ մեր գաղափարները չյուրացվեն ուրիշների կողմից: Մտավոր սեփականության իրավունքները սոսկ գյուտարարներին պաշտպանելու համար չեն. դրանք պաշտպանում են բոլոր նրանց, որոնց ապահով լինելը պայմանավորված է աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, առկա ապրանքների հուսալիությամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---