Հայկական մուֆլոնին և ընտանի ոչխարին կարող են խաչասերմել

Հայկական մուֆլոնին և ընտանի ոչխարին կարող են խաչասերմել

PanARMENIAN.Net - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի» գիտնականներն առաջարկել են քննարկել հայկական մուֆլոնի և ընտանի ոչխարի խաչասերման հարցը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է «Կենդանաբանությանև հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանը ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:

Նախարարն առաջարկել է այս ուղղությամբ ներկայացնել ծրագիր, որը կհանգեցնի ոչխարների գլխաքանակի ավելացմանն ու մսի որակի բարձրացմանը` նպաստելով ոչխարաբուծության ոլորտի հետագա զարգացմանը:

«Այժմ Իրանում և արաբական աշխարհում հետաքրքրված են Հայաստանում ոչխարաբուծության մասնագիտացված կենտրոններ ստեղծել, և նման ծրագիրը նրանց համար նույնպես կարող է հետաքրքիր լինել», - նշել է նախարարը:

Քննարկվել են նաև խեցգետնի արտադրությանը, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների և խեցգետնի պաշարների ավելացման հնարավորությանն առնչվող հարցեր:Այցի սկզբում նախարարը շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ: Ծանոթանալով կենտրոնի գիտական թանգարանում ներկայացված ցուցանմուշներին, որոնց մի մասը պահպանվել է դեռևս 19-րդ դարից` նախարարն առաջարկել է ուսումնասիրել այն զբոսաշրջության կենտրոնի վերածելու հնարավորությունը:

Այնուհետև նախարար Առաքելյանը մասնակցել է ինստիտուտի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կենդանաբուծության և ձկնարդյունագործության զարգացման հնարավորությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---