LA Times. Ինչն է կապում Քիմ Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ

LA Times.  Ինչն է կապում Քիմ Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ

PanARMENIAN.Net - Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին, բայց ոչ ոք չհարցրեց պատճառը, թե ինչու է նա անցել կարմիր գորգով` գրիպով հիվանդ լինելով այդ պահին, գրում է «Նովոստի Արմենիան» «Լոս Անջելես Թայմսի» (LA Times) վրա հղումով:

Քարդաշյան ընտանիքի հրաշալի փրկությունը

Ինչպես նշում է պարբերականը, «Խոստումը» ֆիլմն առաջին խոշորաբյուջետային ֆիլմն է, որը պատմում է Հայոց ցեղասպանության վայրագությունների մասին, իսկ այդ թեման մոտ է Քարդաշյան ընտանիքին։

Դեռ մանկուց նա լսել է այն պատմությունը, թե ինչպես են նրա նախապապերը խուսափել մահից շնորհիվ մի նամակի, որում ասվում էր. «Այստեղ բոլորը սպանվելու են։ Փախեք Լոս Անջելես, Կալիֆորնիա»։

Քարդաշյանները հավատացել են նամակը բերողին և լքել են հայրենիքը` կտրել–անցնելով ավելի քան 7 հազար մղոն դեպի Կալիֆորնիա 1914 թվականին։

Քիմի ներդրումը ֆիլմի առաջխաղացման գործում

Թեև պարբերականը հիշեցնում է, որ բազմաթիվ հայտնի դեմքեր մասնակցել են ֆիլմի փրոմոարշավին, սակայն Քարդաշյանը Twitter-ի իր 5.1 մլն հետևորդներով մնում է խոշորագույն մարքեթինգային ակտիվը։ Նա արդեն չորս անգամ ֆիլմի մասին գրառումներ է կատարել այդ սոցցանցում։

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղը նաև իր էջում հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին հոդվածներ ամերիկյան մամուլից` կոչ անելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային արտասանել «ցեղասպանություն» բառը։

Հպարտություն հայ լինելու համար

«Քանի որ ես մեծացել եմ Բեվերլի Հիլզում, մենք երբեք չենք լսել այլ հայերի մասին։ Ամեն անգամ մարդիկ հարցնում էին մեզ մեր ազգային պատկանելիության մասին։ Ես շատ հպարտ էի»,– հիշում է Քարդաշյանը։

Նրա խոսքով, հայրը նրան սովորեցնում էր, որ «ընտանիքն ամեն ինչ է» և պահանջում էր հիշել արմատների մասին։

Պարբերականը հիշեցնում է, որ Քարդաշյանն առաջին անգամ պատմական հայրենիք է այցելել 2015 թվականին։ Թեև Հայաստանում բարեկամներ չունի, իր այցի ժամանակ նա հանդիպել է շատ մարդկանց, ովքեր ճանաչում էին նրա ընտանիքը։

Հեռուստաաստղը կարծում է, որ հայկական համայնքի ամենամեծ ցանկությունը լսելի լինելն է, այդ իսկ պատճառով նա ամբողջ ընտանիքին կտանի «Խոստումը» դիտելու։

«Կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մարդիկ պարզապես իմանան, թե ինչ է կատարվել։ Դա կարող է կատարվել յուրաքանչյուրի հետ, և մենք ընտրություն չունենք։ Բայց երբ կատարվածը չեն ընդունում, դու սկսում ես վախենալ, որ դա կկրկնվի։ Դա սարսափելի է»,– կարծում է Քարդաշյանը։

Ֆիլմի ամերիկյան պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 21–ին։

Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» (The Promise) ֆիլմը դեռ մինչև մեծ էկրաններ բարձրանալը դարձավ քաղաքական շահարկումների ու սկանդալի առարկա։ Հարևան Թուրքիայից և Ադրբեջանից, առանց ֆիլմը դիտելու, օգտատերերը մասսայաբար մտնում էին կինեմատոգրաֆիական խոշորագույն ռեսուրսի՝ IMDb-ի կայքն ու նվազագույն գնահատականներ դնում։ Ֆիլմի գնահատականի զրոյացումից ու «վատագույն ֆիլմերի» շարքում հայտնվելուց խուսափելու համար հայերը, ևս մասսայաբար ու կրկին առանց ֆիլմին ծանոթ լինելու, նույն կայքում առավելագույն գնահատական էին դնում։ Արդյունքում, ֆիլմի մասին սկսեցին խոսել դեռ մինչև կինոթատրոն մտնելը, իսկ գեղարվեստական ստեղծագործությունը վերածվեց զուտ քաղաքական «հրաձգության» կենտրոնի։ Հայաստանյան էկրաններին հայերեն թարգմանված «Խոստումը» կհայտնվի ապրիլի 27-ին։ Ապրիլի 24-ին լրատվամիջոցների համար կազմակերպվեց ֆիլմի փակ դիտումը։ PanARMENIAN.Net ը ևս ներկա էր ու կիսվում է տպավորություններով։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---