Մարզային ներդրումային 4 ծրագրով կստեղծվի մոտ 50 աշխատատեղ

Մարզային ներդրումային 4 ծրագրով կստեղծվի մոտ 50 աշխատատեղ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մարզային այցելություններից հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացված ներդրումային ծրագրերից ևս 2 ծրագիր ֆինանսավորվել է, ինչի արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ: Օրեր առաջ էլ ֆինանսավորում ստացած 2 ծրագրի մեկնարկով մոտ 30 աշխատատեղ կստեղծվի:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի «Մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության հիմնում» ներդրումային ծրագրով ակնկալվող 15 մլն ՀՀ դրամ գումարից սիրիահայ ներդրողին տրամադրվել է 10 մլն ՀՀ դրամը` ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման («ՓՄՁ ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ) հաշվին տարեկան 11% տոկոսադրույքով:

Սիրիահայերի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել ևս 5 մլն դրամը` տարեկան 4% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է հիմնել մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրություն` վառարաններ, բժշկական էլեկտրական և մեխանիկական մահճակալներ, ակնաբուժական աշխատասեղան, բժշկական հետազոտման թախտ, հիվանդի սայլակ, ճաղավանդակներ և մետաղի գերճշգրիտ հղկում իրականացնող հաստոցի օգտագործմամբ արտադրվող այլ գույք: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել 5 հիմնական աշխատատեղ:

Հաջորդ՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Որակյալ պանրի արտադրության կազմակերպում՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ» ծրագրի իրագործման դեպքում ակնկալվում է ստեղծել 16-18 նոր աշխատատեղ: Այս ծրագրով ակնկալվող 42 մլն ՀՀ դրամից արդեն իսկ տրամադրվել է 10 մլն ՀՀ դրամը ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման հաշվին` տարեկան 12% տոկոսադրույքով: Ծրագրով նախատեսվում է վերազինել գործարանը նոր սարքավորումներով և արտադրել բարձր որակական չափանիշներով պանիրներ (սեփական բրենդային արտադրանքի տեսքով):

Արդեն ֆինանսավորված Լոռու մարզի «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ Տավուշի մարզի «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով էլ 20 աշխատեղ:

Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Շինշիլաբուծության տոհմային տնտեսության» ծրագրի ֆինանսավորման համար արդեն իսկ կնքվել է վարկային պայմանագիր` տարեկան 12% տոկոսադրույքով վարկային միջոցների տրամադրման նպատակով: Ծրագրով նախատեսվում է ստեղծել շինշիլաբուծությամբ զբաղվող մինի ֆերմաների լայն ցանց, ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզային այցելությունների արդյունքում ձևավորվել են մոտ 200 մլրդ դրամի ծրագրային փաթեթներ: Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը կարառավրությունը համարում է իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---