Սարգսյան. Ուժի գործադրումը չի կարող կարգավորել հակամարտությունները

Սարգսյան. Ուժի գործադրումը չի կարող կարգավորել հակամարտությունները

PanARMENIAN.Net - Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել: Այս մասին Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովում իր ելույթում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ չափազանց մեծ է պատերազմի գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ իր ելույթում նախարար Սարգսյանն անդրադարձել է առկա հակամարտությունների կարգավորման նոր մոտեցումների անհրաժեշտությանը։.

«Երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով պետք է իրագործվի սրացումների և սադրանքների զսպումը այն ժամանակ, երբ արտաքին քաղաքական գերատեսչություններն ու պետությունների ղեկավարները բանակցություններ են վարում՝ փնտրելով փոխզիջումներ հիմնախնդիրների էության շուրջ։

Այսօր գոյություն ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով։ Իհարկե՝ սրացումների միջոցով կարելի է խթանել բանակցային գործընթացները, բայց նման խթանների հետևանքները բարդ կանխատեսելի են, կամ՝ ընդհանրապես անկանխատեսելի։

Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, կրակի դադարեցման համաձայնագրերով։ Արդյունքում ստացվում է, որ իրավամբ՝ առաջընթացով և մարդկության բեկումնային գիտական հաղթանակներով նշանավորված 21-րդ դարի պատերազմների և դաժանությունների ամբողջ սարսափը ծառայում է կողմերի բանակցային դիրքորոշումների մեղմացմանը, այսինքն մեզ, որոշումների կայացման համար պատասխանատուներիս, դարձնում է առավել համարժեք և սթափ դատող»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Ավելին, նախարարի խոսքով, ինքնին ռազմական գործողությունների վարման ձևը, դրանց ազդեցությունը խաղաղ բնակչության, հասարակ քաղաքացիների վրա, խորը հակասության մեջ է գտնվում միջազգային մարդասիրական իրավունքի և սոցիալական զարգացման հետ.

«21-րդ դարում հիմնական շեշտը պետք է դրվի ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի բացառման վրա։ Այդ ուղղությամբ պետք է կենտրոնացած լինեն միջազգային հանրության ջանքերը։ Ցավոք, պատերազմն առավել հաճախ է սկսում դիտարկվել կլաուսվիցյան բանաձևով՝ որպես «քաղաքականության գործիքներից մեկը, դրա բնական շարունակությունը»։ Կարծում եմ, պատերազմը, դրա հետևանքներն ու գինը հասկացող և ճանաչող զինվորականները պետք է վերադարձնեն գիտակցումը, որ պատերազմը չի կարող որևէ բանի տրամաբանական շարունակությունը լինել»:

Սարգսյանը նշել է, որ ինչպես ակնհայտ դարձավ Մերձավոր Արևելքի օրինակով, ընդամենը օրեր են պետք՝ կայուն թվացող տարածաշրջանները մարտադաշտի, մահվան, աղքատության տարածքների վերածելու, փախստականների ալիք ձևավերելու և բռնությունը լեգիտիմացնելու համար։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---