«Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները հայտնի են

«Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները հայտնի են

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին հայտնի են դարձել «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Մրցույթին՝ իր գեղանկարով, հաղթել է 7-ամյա Արփի Ղազարյանը, ով Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է:

Երկրորդ մրցանակն ստացել է 13-ամյա Սոֆյա Յակովլևան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երևանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանականեր է շնորհել մրցույթի երկու մասնակցին՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն) և Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երևան):

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով և հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երևանում:

«Մրցույթի միջոցով երեխաները հնարավորություն ունեցան արժեւորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարեւոր գործ են անում, ոգեւորվեցին: Մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը եւ երեխայի ազնվությունը, ինչպես նաեւ աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին», - ասել է «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը:

Մրցույթի հաղթողները պարգեւատրվել են Երեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաեւ կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից և Ֆրանսիայից:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ և գործընկերներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---