5 մայիսի 2017 - 12:02 AMT
Նորածին հնգյակի վիճակը կայուն է. Երկուսին նախապատրաստում են ինքնուրույն շնչառությանը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոններում հսկողության տակ գտնվող հնգյակի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մայիսի 5-ի առավոտյան կատարված համայցերի արդյունքներով:

Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին ևս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ «ՍԻՊԱՊ» (SIPAP) համակարգին միացնելու համար։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի և ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Մասնագետների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները փոքրիկների վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։

Հինգ նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում է ինչպես մասնագետների, այնպես էլ` առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։

Երևանում մայիսի լույս 3-ի գիշերը՝ ժամը 04։00-ին, հնգյակ է ծնվել: Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում: Երեխաները լույս աշխարհ են եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը շտապ բժշկական ցուցումով կեսարյան հատման ճանապարհով կնոջը ծննդալուծել է հղիության 28 շաբաթական ժամկետում։