Հոգլանդ. Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում

Հոգլանդ. Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջև առկա հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը:

«Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետև մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ մեր մոտեցումներում: Սակայն, տարբեր շահեր ունենալը չի նշանակում, որ մենք չենք կարող աշխատել միասին այս խնդրի շուրջ»,-ասել է նա «Ամերիկայի ձայնի» հայկական և ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում:

Դեսպանի խոսքով, Մոսկվան ինչպես Վաշինգտոնն ու Փարիզը, նույնպես ցանկանում է խաղաղության հաստատում Հարավային Կովկասում: «Ինձ համար միանշանակ է, որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում, Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Դա կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կվնասի Ռուսաստանի շահերին»,-հավելել է նա:

Ռիչարդ Հոգլանդի խոսքով, նույնիսկ ռուս-ամերիկյան հարաբերությունների սուր վատթարացման պայմաններում, բոլոր երեք համանախագահները սերտ համագործակցել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Սա մի ոլորտ է, որտեղ մենք կարող ենք ասել, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները չունեն որևէ բացասական ազդեցություն»:

Դեսպանի խոսքով, այս պահին միջնորդները փորձում են կողմերի միջև լիարժեք բանակցություններ վերսկսել: «Մեր աշխատանքն է՝ ստեղծել վստահության այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտար երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել», ասել է նա:

Անդրադառնալով նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմին, Ռիչարդ Հոգլանդը նշել է.«Մենք դեռ չենք հասել մի կետի, երբ միջազգային հանրությունը խաղաղապահների կամ տնտեսական օգնության միջոցով կարողանա երաշխավորել բռնության իսպառ վերացումը: Դա պետք է անեն հենց իրենք՝ առաջնորդները»:

Դեսպանի խոսքով, եկել է խնդրի իրական փոխզիջումային կարգավորման ժամանակը, որից կողմերը ոչ թե կկորցնեն այլ՝ յուրաքանչյուր կողմ կշահի.«Վերջ ի վերջո, դա երկու կողմերի առաջնորդների պատասխանատվությունն է՝ լրջորեն զբաղվել իրական խաղաղ բանակցություններով: Երբ դա տեղի ունենա, տարածաշրջանի համար կբացվեն բոլոր տեսակի հնարավորություններ՝ կապի, բեռնափոխադրումների զարգացման, մեկուսացման նվազման, առավել ձեռնտու տնտեսական պայմանների համար: Այնպես որ, երկրները անմիջապես կզգան այդ դրական հետևանքները: Կզգան դրանք նաև ժողովուրդները»:

Մինսկի Խմբի ամերիկացի համանախագահն ավելացրել է, որ իր կարծիքով Վաշինգտոնը պետք է ավելի ակտիվ ներգրավվի խաղաղ գործընթացում. «Համաձայն եմ, որ մեզ անհրաժեշտ է փոքր-ինչ ավելի ակտիվ լինել սակայն, մենք ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենավաղ շրջանում ենք: Այս նոր վարչակազմը դեռևս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները և թիմը, այնպես որ, եկեք լինենք փոքր-ինչ համբերատար և տեսնենք, թե մոտ ամիսների ընթացքում այս ամենն ինչպես է զարգանում»:

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոսկվայում պայմանավորվել են շարունակել շփումները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---