Չինացի ուսանողները 200 օր կանցկացնեն փորձարարական լուսնային մոդուլում

Չինացի ուսանողները 200 օր կանցկացնեն փորձարարական լուսնային մոդուլում

PanARMENIAN.Net - Չինաստանը տիեզերական տարածքի յուրացման մի ծրագիր է իրականացնում, որի նոր փուլով նախատեսվում է Երկրի պայմաններում մոդելավորել մարդու տևական բնակությունը մշտական լուսնակայանում: Մի խումբ ուսանողներ 200 օր կանցկացնեն հատուկ մոդուլում՝ ստուգելով Լուսնի վրա բնակության պայմանները: Նրանք լիակատար մեկուսացման մեջ կլինեն:

Բեյհան քաղաքի տիեզերական համալսարանի 4 ուսանող մայիսի 10-ին տեղավորվել է «Յուգոն-1» («Լուսնային պալատ») մոդուլում: Նրանք խցիկում կանցկացնեն մոտ 60 օր, որից հետո նրանց կփոխարինի մեկ այլ խումբ, որն այնտեղ կանցկացնի արդեն 200 օր: Հետո առաջին քառյակը կրկին կվերադառնա մոդուլ՝ 105 օրով, գրում է BBC-ին Սինհուա գործակալության վրա հղումով:

Այդ էքսպերիմենտի հիմնական նպատակներից մեկն է պարզել, թե կարող են արդյոք Լուսնի գաղութարարները տևական ժամանակ ինքնաբավ գոյություն պահպանել՝ չունենալով արտաքին աջակցություն:

Մարդկային գործունեության թափոնները կվերամշակվեն կենսառեակտորներում ֆերմենտացման գործընթացի կիրառմամբ, իսկ հետո կօգտագործվեն որպես պարարտանյութ բանջարեղեն և հացահատիկ աճեցնելու համար: Փորձարարական լուսնայինն կայանը բաղկացած կլինի 2 գյուղատնտեսական մոդուլից և բնակելի տարածքից, որտեղ կլինի 4 ննջասենյակ, մեկ ընդհանուր սենյակ, լոգարան, թափոնների վերամշակման բաժին և տարածք կենդանիների համար:

Թեև «Լուսնային պալատում» անցկացվող փորձարկումները նպատակ ունեն Լուսնի գաղութարարներին նախապատրաստելու Լուսնի վրա տևական ժամանակ անցկացնելուն, Չինաստանը չի ծրագրում գիտարշավ ուղարկել Լուսին առաջիկա 10 տարում:

2016-ի հոկտեմբերին Չինաստանն անձնակազմի 2 անդամով տիեզերանավ ուղարկեց տիեզերք, որը կցվեց «Տյանգուն-2» ուղեծրային կայանին և 30 օր մնաց ուղեծրում: Դա ռեկորդային է չինական տիեզերագնացության համար: Չինաստանը երրորդ երկիրն է ԱՄՆ-ից ու ՌԴ-ից հետո, որն ունի անձնակազմով տիեզերական թռիչքների սեփական ծրագիր:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---