Բաբայան. Ադրբեջանին կոշտ պատասխան չտալով ԵԱՀԿ ՄԽ-ն «խաչ կդներ» սեփական աշխատանքի վրա

Բաբայան. Ադրբեջանին կոշտ պատասխան չտալով ԵԱՀԿ ՄԽ-ն «խաչ կդներ» սեփական աշխատանքի վրա

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության գոտում զինադադարի պահպանմանն ուղղված միջազգային հանրության ու ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների գործադրած ջանքերը թևակոխում են որակական նոր փուլ: Անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանին ուղղված հասցեական քննադատությանը` PanARMENIAN.Net ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հայտարարությունը որակելով «կարևոր ու ողջունելի»:

«Իրոք, կարծես թե սա առաջին անգամ է, որ ԵԱՀԿ համանախագահները հասցեական գնահատական են հնչեցնում, այն էլ՝ ժամանակագրական առումով հրադադարի խախտման բոլոր իրադարձությունների ներկայացմամբ»,- նշեց Բաբայանը՝ հավելելով. «Մենք միշտ էլ ասում էինք, որ միջազգային հանրությունն ու հատկապես ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է կոշտ ու հասցեական գնահատական հնչեցնեն հրադադարի խախտման դեպքերում»:

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից ու Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից մայիսի 19-ին հայտարարություն են տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման վերաբերյալ՝ առաջին անգամ հասցեական քննադատություն հնչեցնելով հրադադարի ռեժիմը խախտող ու սադրանքների դիմող Ադրբեջանի հասցեին. «Տարբեր վստահելի աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի ուղղությամբ հրթիռ է արձակել՝ հարվածելով ռազմական տեխնիկային»:

Բաբայանի գնահատմամբ, Ադրբեջանի վարած քաղաքականությունն այնքան է հոգնեցրել միջազգային հանրությանը, որ նման արձագանք չտալը ԵԱՀԿ ՄԽ համար հավասար կլիներ «սեփական աշխատանքի վրա խաչ դնելուն».

«Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարը, այլև ամեն ինչ արեց որպեսզի փակվի ԵԱՀԿ տարածաշրջանային գրասենյակը՝ այսպիսով վերացնելով այդ կառույցի ներկայացվածությունը, ինչը պարզապես անընդունելի ու անթույլատրելի է»:

Բացի այդ, Բաբայանի խոսքով, Ադրբեջանն անընդհատ փորձում է խոչընդոտել եռանախագահների ձևաչափով ու միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը.

«Սկզբում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքեց, որոշ ժամանակ անց նաև ԵԱՀԿ եռանախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Այս արձագանքը մի քիչ ուշ եղավ, բայց այսպես շատ ճիշտ է»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տիրող լարվածությանը, մասնավորապես ասել էր. «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմը գնդակոծել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտը, ինչին համապատասխանաբար արձագանք է տվել մյուս կողմը»:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը նաև վստահություն հայտնեց, որ Ադրբեջանի հետ աշխատանք է տարվում նաև ոչ հրապարակային խողովակներով. միջազգային կառույցները փորձում են բացատրել, որ նման վարքն անընդունելի է:

«Արդյունքում, Բաքուն պարզապես ստիպված կլինի հետևել իր իսկ կողմից ընդունված պարտավորվածություններին Վիեննայում և Պետերբուրգում»,- նշեց Բաբայանը՝ ասելով, որ, ըստ երևույթին, որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել ԼՂ կարգավորման հարցում:

Ընդ որում, նրա խոսքով, տեղաշարժը զգացվել է սրանից մի փոքր շուտ՝ նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններին նախորդած քարոզարշավի ժամանակ, երբ մի քանի հայտարարություն հնչեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ըստ Բաբայանի, ՌԴ-ի արձագանքի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև այն հանգամանքը, որ Հայրենական պատերազմի հերթական տարելիցին նվիրված «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ ադրբեջանցիները Մոսկվայում ու Պետերբուրգում հարձակվել էին հայկական շարասյան վրա:

«Սա նաև անարգանք է հենց Ռուսաստանի, նրա պատմության հասցեին: Իսկ նման քայլերը չեն ներվում և չպետք է ներվեն»,- նշեց Բաբայանը:

Մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Մայիսի 17-ին հայկական կողմը հրապարակել էր ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների տեսանյութը, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---