ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 19-ին միաձայն ընդունել է թիվ 191 բանաձևը՝ վերնագրված՝ «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Այս բանաձևի ընդունմամբ Տեխասը դարձավ Միացյալ Նահանգների 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում:

Ընդունված բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Առաջին աշխարհամարտի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունը սկսեց ավելի քան 2 մլն հայ բնակչության ոչնչացման համակարգային գործընթացը: Արդյունքում մոտ 1.5 միլիոն հայ ոչնչացվեց, և այսօր Հայաստանում, որը հայերի հայրենիքի ընդամենը 10%-ն է կազմում, բնակվում է 3 միլիոն հայ, մինչդեռ հայոց Սփյուռքը հաշվվում է 8-10 մլն՝ ներառյալ ԱՄՆ-ի հայերին»:

«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով մի միության անդամ, որը հարգում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհի հիշատակը՝ չնայած թուրքական ընդդիմությանը»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը, հաղորդում է The Armenian Weekly-ն:

Վերջինիս խոսքով` այս անհավանական հաղթանակը հնարավոր է դարձել Տեխասի հայ համայնքի ակտիվ և միասնական ջանքերի և նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Սենֆորդի անդրդվելի ղեկավարության շնորհիվ:

191 բանաձևը Ներկայացուցիչների պալատի քննարկմանը Սենֆորդը ներկայացրել է հունվարի 26-ին, որին հաջորդել են Միջազգային առևտրի և միջկառավարական հարցերով հանձնաժողովի լսումները ապրիլի 24-ին:

Ներկայիս բանաձևի ընդունումը Տեխասի օրենսդիր մարմնի հերթական քայլն է` ուղղված Ցեղասպանության ճանաչմանը: Դեռևս 2015թ-ին նահանգը մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր, հետագայում ընդունել 1541 բանաձևը, որով աջակցություն էր հայտնում Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած մոտ 132.000 հայ երեխայի:

Տեխասի բանաձև հետևել է Վայոմինգ նահանգի կառավարության ընդունած որոշմանը, որով այն ապրիլին ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, լրացել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի անդամ 19 նահանգի ցանկը, որոնք բոլորն էլ ճանաչել են Ցեղասպանությունը: Այդ նահանգներն Ալյասկան, Արիզոնան, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Հավայները, Այդահոն, Կանզասը, Մոնտանան, Նեբրասկան, Նևադան, Նյու Մեխիկոն, Հյուսիսային Դակոտան, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը և Վայոմինգը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---