Ակտիվ weekend. Թանգարանային գիշեր, Metal Attack Fest, տոլմայի փառատոն և փարթիներ

Ակտիվ weekend. Թանգարանային գիշեր, Metal Attack Fest, տոլմայի փառատոն և փարթիներ

PanARMENIAN.Net - Եղանակն անձրևոտ է, սակայն պետք չէ ընկճվել. անկախ եղանակային պայմաններից, այս հանգստյան օրերին մայրաքաղաքում թեժ է լինելու, սպասվում են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ թանգարանային գիշեր, տոլմայի փառատոն, հետաքրքիր փարթիներ և համերգներ:

PanARMENIAN.Net –ն առանձնացրել է մի քանի հետաքրքիր տարբերակ գարնանային այս weekend-ն ավելի հիշարժան դարձնելու համար:

Տոլմայի փառատոն

Հայկական խոհանոցի ամենասիրված ճաշատեսակներից մեկի՝ տոլմայի ամենամյա 7-րդ փառատոնը կանցկացվի մայիսի 20-ին: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ-ն Տոլմայի համահայկական փառատոն է կազմակերպում 2011-ից, որի մասնակիցների թիվը գնալով աճում է:

2017-ին փառատոնը, ՀՀ մշակույթի նախարարության առաջարկով, կանցնի Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվինի պեղումների վայրից ոչ հեռու: Փառատոնին կմասնակցեն Հայաստանում գործող ազգային խոհանոցի ռեստորանները, հասարակական կազմակերպություններ և խոհարարներ:

Տոլմայի փառատոնի նպատակն է ավելի ճանաչելի դարձնել տոլման աշխարհում, բացահայտել տոլմայի պատրաստման անհայտ եղանակները: Փառատոնն ուղեկցվելու է ազգային երգ ու պարով: Փառատոնը կսկսվի ժամը 13:00-ին, մուտքն ազատ է:

Թանգարանային գիշեր

«Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն անցկացվում է մայիսի 20-ին: ՀՀ թանգարանները մեծ ծրագրեր են կազմել, իսկ PAN-ն առանձնացրել է երևանյան թանգարաններում այն միջոցառումները, որոնք կարող են հետաքրքիր լինել: Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում՝ ժամը 18:00-19:00-ը, անցկացվելու է ինտերակտիվ ներկայացում՝ «Խաղում ենք մնջախաղ»: Նույն թանգարանում՝ ժամը 19:00-ին, յուրահատուկ ֆլեշ մոբ է անցկացվելու՝ «շոկոլադե մեդալներ Լեոնիդ Ենգիբարյանից»:

Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանում՝ ժամը 20:00-23:00-ին, Սպենդիարյանի բաղադրատոմսով կակաո են սարքելու և բաժանելու: Տիկնիկների պատկերասրահում՝ ժամը 18:00-ին, «Յոթը քար, յոթը փետուր»․ հայոց ծիսական տիկնիկների ցուցադրում է լինելու՝ թատերական էքսկուրսիայի ներքո:

Ռուսական արվեստի թանգարանում՝ ժամը 18:00-ին, «Բույր, պատկեր, հիշողություն» Ցուցահանդես է լինելու. կներկայացվեն 19-րդ դարի օծանելիքի սրվակներ, շպարի միջոցներ, ինչպես նաև 19-րդ դարի օծանելիքներ: Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ (Երևան, Արգիշտիի 1/1) ժամը 20:00-ին, այցելուները կարող են հանդիպել և զրուցել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ:

Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում՝ ժամը 18:00-ին, անցկացվելու է «Հնչյուններ և գույներ» միջոցառումը. Նկարելու են այցելուները: Գաֆեսճեան արվեստի կենտրոնում «Բազմաչափ Ռուդոլֆ Խաչատրյանը» Ժամանակավոր ցուցադրություն է լինելու:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում՝ ժամը 18:00-21:30-ին նկարչության բաց դաս է անցկացվելու՝ Հենրիկ Իգիթյանի գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ: Իսկ ժամը 19:00-20:00-ից թանգարանում տեղի է ունենալու խաղ–փորձարկում ավանդական նվագարաններով՝ «Զարզընգը, թող զնգա» (Ալետա Հակոբյան):

Փարթիներ

Մայիսի 20-ին Mozaic Sky Bar-ում սպասվում է ուրախ երեկո, որի հատուկ հյուրը կլինի ԱՄՆ-ից ժամանած հայ հայտնի ռեփեր A.Chilla-ն, նրանից բացի, կնվագի նաև դիջեյ Serjo-ն: Միջոցառման սկիզբը՝ ժամը 17:00-ին, այն կշարունակվի մինչև կեսգիշեր:

Paparazzi Group-ը մայիսի 20-ին կազմակերպում է մեծ փարթի, որի հատուկ հյուրը կլինի աշխարհահռչակ գերմանացի տեխնո երաժիշտ Oliver Huntemann-ը: Նրանից բացի կնվագեն նաև Supacooks-ը, Guevo-ն, Leo-ն, Teo –ն և Mike Joker-ը: Միջոցառումը կանցկացվի Արշակունյանց 25/1 հասցեով, կսկսվի ժամը 21:00-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ նախնական գնման դեպքում, 5000 դրամ՝ մուտքի մոտից:

Երևանում մայիսի 20-ին և 21-ինMetal Attack 2017երկօրյա փառատոն կանցկացվի: Այն տեղի կունենա DAS ակումբում։ Կմասնակցի 10 խումբ Հայաստանից, Վրաստանից և Դանիայից։Մասնակիցների թվում են՝ Divahar (Հայաստան) Black Metal, Unaesthetic (Հայաստան) Doom metal, Hexis (Դանիա) Black/Hardcore, Telos (Դանիա) Blackened mathcore, ResistenciaX (Վրաստան) Hardcore, Vasgorshalrud (Վրաստան) Grindcore, Merial (Հայաստան) Black Metal, EDHID (Վրաստան) Mathcore, Ildaruni (Հայաստան) Pagan Black Metal, Dorck Angegh (Հայաստան) Folk / Progressive Metal, ասվում է փառատոնի կազմակերպիչ Zhesht Events-ի հաղորդագրության մեջ: Տոմսերի արժեքն է՝ 5000 դրամ երկու օրվա համար նախօրոք գնելու դեպքում և 3000 դրամ մեկ օրվա համար՝ մուտքի մոտ: Համերգի սկիզբը՝ ժամը 19:00:

Երաժշտական քաղաք

Kami երաժշտական ակումբում մայիսի 20-ին ելույթ կունենան Kami Friends Project-ի անդամները: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

Նույն վայրում մայիսի 20-ին ելույթ կունենա Allusion Band-ը Սրբուհի Սարգսյանի հետ միասին: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 3000 դրամ:

«Մեցցո» երաժշտական ակումբում մայիսի 20-ին ելույթ կունենա Զառա Մորկոսյանը The Lightning բենդի հետ համատեղ, կհնչի ջազ: Համերգի սկիզբը՝ ժամը 21:30-ին, տոմսերի արժեքը՝ 2000 դրամ:

Մայիսի 20-ին «Էնոտեկա» գինու բարում կհնչի ջազ, ելույթ կունենա Jazz Quartet-ը: Երոկոյի սկիզբը՝ ժամը 21:00-ից, մուտքավճարը՝ 2000 դրամ:

Իսկ մայիսի 21-ին նույն վայրում սպասվում է յուրահատուկ երաժշտական երեկո, որի ընթացքում կհնչի տավիղ, հայկական վիոլա և հայական ազգային փողային նվագարաններ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 20:30-ից, մուտքավճարը՝ 3000 դրամ:

«12 ակումբում» մայիսի 21-ին կկայանա հատուկ ջազային երեկո Վահագն Հայրապետյան տրիոյի, լեգենդար երգչուհի Մարջորի Բարնսի և St. Petersburg Jazz Quartet-ի մասնակցությամբ: Երեկոյի սկիզբը՝ ժամը 21:30-ին:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի

Առաջնորդվելով «կյանքը` սպորտի ռիթմով» սկզբունքով՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մայիսի 20-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպում է առավոտյան բացօթյա մարզումներ: Մարզումները կանցկացնեն Հայաստանի ֆիթնեսի լավագույն մարզիչներից մի քանիսը:

Մասսայական մարզումների միջոցով նախարարությունը նպատակ է հետապնդում խթանել առողջ ապրելակերպը՝ այն դարձնելով կենսակերպի անբաժան մաս: Մարզումները կսկսվեն առավոտյան ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 14:00: Մարզումները ներառելու են 6 մարզատեսակ. warm-up, breakletics, cross-fit, tabata, stretching, trx: Մասնակցությունն ազատ է և առանց տարիքային սահմանափակման:

Երևանում կարելի է նաև մասնակցել յոգայի ու չիգունի (ցի-գուն) շնչառական-առողջարար մարզումների, որոնք տեղի կունենան մայիսի 20-ին և 21-ին ժամը 06:30 - 07:20՝ Հաղթանակի զբոսայգում, ժամը 07:30 - 09:00՝ Անգլիական այգում, ժամը 09:10 - 10:00՝ Հրազդանի կիրճում: Ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների համար մուտքն անվճար է:

Կինոսերների համար

«Սինեմա Սթար» և «ԿինոՊարկ» կինոթատրոններում առաջիկա հանգստյան օրերին կինոսերները կկարողանան դիտել հետևյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը. «Օտարը. Պատգամ» (Alien: Covenant), «Գալակտիկայի պահապանները. Մաս 2» (Guardians of the Galaxy Vol. 2), «Արթուր թագավորի թուրը» (King Arthur: Legend of the Sword), «Խոստումը» (The Promise), «Փետրավոր եռյակը» (Richard the Stork), «Մեծ թատրոն» (Большой), «Աստծո ասպազենք: Գանձեր որոնելիս» (Kung-Fu Yoga):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---