Նալբանդյան. ՀՀ-ն ակնկալում է մեկնարկել ԵՄ հետ վիզայի ազատականացման երկխոսությունը

Նալբանդյան. ՀՀ-ն ակնկալում է մեկնարկել ԵՄ հետ վիզայի ազատականացման  երկխոսությունը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Եվրոպական միությունն ակտիվ համագործակցում են մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ, իսկ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստում:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Կողմերն անդրադարձել են Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին: Քննարկվել է Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության 2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։

Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս հայտնվեց, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:

Անդրադարձ է կատարվել վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:

Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարելով Իրանին, Թուրքիային, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:Էդվարդ Նալբանդյանը հավելել է, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտել է նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:

Բարձր ներկայացուցիչ Մոգերինին հայտնել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:

Կարևորելով ԵՄ սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նիստի արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով:

Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---