Համաժողով. Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն

Համաժողով. Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն

PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստանի քարտեզագրումը՝ որպես համաշխարհային կարգի զբոսաշրջային ուղղություն` հնարավորությունները, մարտահրավերները և առաջընթացի ուղին» համաժողովը:

«Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) և Եվրոպական բիզնես ասոցիացիայի (ՀԵԲԱ) կողմից՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ: Հիմնական նպատակն է քննարկել և նախանշել այն հիմնախնդիրները, որոնք առկա են ոլորտում», - նշել է ՀԵԲԱ-ի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան:

Միջոցառմանը ներկա Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը ընդգծել է՝ այս հանդիպումը կլինի արդյունավետ այն առումով, որ կարող է գրավել տարատեսակ ներդրումներ այդ ոլորտում:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) առաքելության տնօրեն Դեբորահ Գրիզերն էլ ասել է, որ երկրորդ անգամն է Հայաստանում և կարծում է, որ այս երկիրն բոլոր առումներով՝ հարուստ մշակութային ժառանգությամբ, բնաշխարհով և խոհանոցով բոլոր հնարավորություններն ունի քարտեզագրվելու որպես տուրիստական երկիր: Ապա հավելել, որ ողջունում և խրախուսում է Հայաստանում պետական և մասնավոր սեկտորների նման կառուցողական երկխոսությունը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն իր ելույթում մանրամասն ներկայացրել է այդ ոլորտում կատարված աշխատանքը, ռազմավարությունը, թիրախային շուկաները և առաջիկա քայլերը:

«Մենք ունենք կառավարության ծրագիր, որի նպատակն է մի քանի տարվա ընթացքում եռապատկել զբոսաշրջիկների քանակը: Ուստի մեր ռազմավարությունը բխում է հենց այդ ծրագրից, այն է՝ ընտրել մեզ համար մոտ, վիզայի առումով հասանելի թիրախային շուկաներ», - լրագրողների հետ զրույցում նշել է նա, գրում է Aysor.am-ը:

Միջոցառմանը ներկա ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ թվարկել է երեք ուղղություն, որոնք պետք է զարգացնել՝ Հայաստանը զբոսաշրջային կենտրոն վերածելու համար: Նրա խոսքով՝ պետք է ընդարձակել օդային փոխադրումների հնարավորությունները, զարգացնել են ենթակառուցվածքները և ծառայությունները:

«Հայաստանի դռները միշտ բաց են զբոսաշրջիկների և ներդրողների առջև, և այդ դռները մենք պատրաստ ենք էլ ավելի լայն բացել», - եզրափակել է նա:

2016-ի հոկտեմբերին Հայաստանում Զբոսաշրջության պետական կոմիտեն ձևավորվեց, որը միանգամից ակտիվ սկսեց գործել: Կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը PanARMENIAN.Net ին պատմել է Հայաստանում զբոսաշրջության զարգացման հենասյունների, ազգային ինքնության վերականգնման խնդրի, մասսայական զբոսաշրջության ոչ նպատակահարմար լինելու, տուրիզմը՝ որպես ստարտափ բիզնես դիտարկելու, զբոսաշրջային պրոդուկտի և շուկաների դիվերսիֆիկացման, ինչպես նաև կոմբինացված տուրիստական արդյունքի մասին:

Կարդացեք նաև՝ Զարմինե Զեյթունցյան.Պետք չէ Հայաստանը զբոսաշրջիկներին ներկայացնել որպես ծանր անցյալ ունեցող երկիր

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---